ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին

Ընթացքի մեջ է 2026 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. Դիմորդները հունիսի 16-ին քննություն են հանձնում օտար լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 57 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելու քննական գործընթացին: Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննության մեկնարկից առաջ նախարարի տեղակալը շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ առաջին, թե երկրորդ անգամ են մասնակցում քննությանը, ինչ արդյունքներ են գրանցել, մասնագիտական ինչ կողմնորոշում ունեն: Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել դիմորդներին: Նշյալ քննական կենտրոնում քննություն է հանձնում շուրջ 110 դիմորդ: Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ: Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից. այս փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։ Համաձայն ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների՝ հիմնական փուլում հայտագրված ամենաշատ դիմորդները քննություն են հանձնում անգլերենից՝ 5757, այնուհետև մաթեմատիկայից՝ 5467, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 4232 դիմորդ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9557

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով