ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հարցը։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը, ամփոփելով Լյուքսեմբուրգում անցկացված հանդիպումները, ընդգծել է, որ անցած շաբաթ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները հայ ժողովրդի կողմից խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հստակ ուղերձ էին։ Կալլասի խոսքով՝ Ռուսաստանի կողմից գործադրված ծանր ճնշումներն ու տնտեսական հարկադրանքը չեն կարողացել ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այս համատեքստում ԵՄ նախարարները քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական դիվերսիֆիկացմանը նպաստելու ուղիները։



