Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

Դաբաղ հիվանդության կանխարգելման մեթոդների, համակարգված արձագանքման եղանակների, անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ այս անգամ խոսվել է Վրաստանի և Հայաստանի սահմանակից բնակավայրերում կազմակերպված համատեղ քննարկման և անդրսահմանային գործնական ուսուցման մեթոդի՝ սիմուլյացիոն վարժանքի միջոցով։ Վարժանքին մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։ Վրաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ քննարկում արտակարգ իրավիճակներում դաբաղ հիվանդության կանխարգելման գործողությունների պլանների, տարածաշրջանի երկրների միջև համակարգված արձագանքման եղանակների, հիվանդության դեպքեր հայտնաբերելիս իրականացվող հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ: Վրաստանի Մառնեուլի և Հայաստանի Բերդավան բնակավայրերում իրականացված սիմուլյացիոն վարժանքի ընթացքում տարբեր երկրների անասնաբույժները կատարել են կենդանիների կլինիկական զննում, նմուշառում, համաճարակաբանական հետազոտություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսանվտանգության կանոնների պահպանմանը։ Վարժանքի արդյունքները միջազգային փորձագետների կողմից դրական է գնահատվել, շեշտվել է, որ անդրսահմանային հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն տեղեկատվության արագ փոխանակման և համատեղ իրականացվող գործողությունների միջոցով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6093

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով