Հարցազրույց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ: Պարոն Բաբաջանյան, ինչո՞ւ եք համարում, որ ընտրակաշառքի հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա, եթե ընտրությունները պաշտոնապես ավարտված, իսկ արդյունքներն ամփոփված են: Սահմանադրական դատարանի խնդիրը միայն հաշվված քվեների թվաբանական ճշտությունը գնահատելը չէ։ Սահմանադրական դատարանը պետք է պատասխանի գլխավոր հարցին՝ արդյո՞ք հանրային իշխանությունը ձևավորվել է քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, թե՞ այդ կամքի վրա գործադրվել է այնպիսի ազդեցություն, որն արդեն կասկածի տակ է դնում ընտրությունների սահմանադրական բնույթը։ Այս ընտրություններում արձանագրված ընտրակաշառքի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումները, բազմաթիվ քրեական վարույթները, ձերբակալությունները, բացահայտված կազմակերպված սխեմաները և տարբեր բնակավայրերում ի հայտ եկած նույնատիպ մեխանիզմները վկայում են, որ գործ ունենք ոչ թե առանձին դրվագային իրավախախտումների, այլ համակարգային երևույթի հետ։ Ավելին, հանրային դաշտում հնչում են հիմնավոր պնդումներ, որ բացահայտված դեպքերը կարող են կազմել իրական ծավալների ընդամենը չնչին՝ մի տոկոսը մասը։ Այդ պնդումները, իհարկե, պետք է դառնան իրավական քննության առարկա, սակայն այստեղ կա ավելի կարևոր հանգամանք. արդեն իսկ բացահայտված դեպքերի ծավալն ու բնույթն այնպիսին են, որ դրանք անխուսափելիորեն ստվերում են նաև չբացահայտված հատվածը և կասկածի տակ դնում ամբողջ ընտրական գործընթացի բարեվարքությունն ու լեգիտիմությունը։ Մենք ունենք լրջագույն հիմքեր ենթադրելու, որ գործ ունենք ոչ միայն ընտրողի կամքի վրա ապօրինի ազդեցության, այլև ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը խաթարելու, պետական ինստիտուտների լեգիտիմությունը թուլացնելու և Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունը նվազեցնելու նպատակ հետապնդող համակարգված գործընթացների հետ։ Խնդրի ծավալներն այնքան մեծ են, որ նույնիսկ պետական մարմինների առավելագույն ջանքերի պարագայում օբյեկտիվորեն անհնար էր ընտրական գործընթացի ընթացքում ամբողջությամբ բացահայտել և կանխել դրանց ազդեցությունը։ Հենց այդ պատճառով էլ հարցը դուրս է գալիս սովորական քրեական վարույթների շրջանակից և վերածվում սահմանադրական վերահսկողության խնդրի։ Այս իրավիճակում Սահմանադրական դատարանը պետք է գնահատի ոչ միայն արդեն ապացուցված առանձին դեպքերը, այլև այն ընդհանուր իրավաքաղաքական իրականությունը, որը ստեղծվել է ընտրակաշառքի, կազմակերպված ապօրինի ազդեցության և ընտրողի ազատ կամարտահայտման համակարգային խաթարման հետևանքով։ Որովհետև երբ կասկածի տակ է դրվում քաղաքացիների ազատ կամքի ձևավորման միջավայրը, կասկածի տակ է դրվում նաև այդ կամքով ձևավորված իշխանության սահմանադրական լեգիտիմությունը։ Կա պնդում, որ ընտրակաշառքի առանձին դեպքերը չեն կարող ազդել ամբողջ ընտրության լեգիտիմության վրա։ Եթե խոսքը մեկ կամ երկու մեկուսացված դեպքի մասին լիներ, այդպիսի պնդումը կարող էր քննարկելի լինել։ Սակայն այստեղ խոսքը համակարգային երևույթի մասին է։ Հակակոռուպցիոն մարմինների հայտարարությունները, հարուցված քրեական վարույթների ծավալը, բազմաթիվ բնակավայրերում արձանագրված նույնատիպ մեխանիզմները և քաղաքացիական դիտորդական կառույցների հավաքած տվյալները ցույց են տալիս, որ խնդիրը շատ ավելի խորն է։ Միջազգային իրավական պրակտիկան ևս ընդունում է, որ ընտրությունների լեգիտիմությունը կարող է կասկածի տակ դրվել ոչ միայն այն դեպքում, երբ ապացուցվում է կոնկրետ արդյունքի փոփոխությունը, այլև այն դեպքում, երբ ընտրական միջավայրն ինքն է աղավաղվել համակարգային ապօրինի ազդեցությամբ։ Որտե՞ղ է անցնում սահմանը սովորական ընտրախախտման և այնպիսի համակարգային գործընթացի միջև, որն արդեն կարող է գնահատվել որպես արտաքին միջամտություն, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն և ազգային անվտանգության սպառնալիք։ Եթե ընտրական գործընթացի վրա ազդեցություն է գործադրվել արտաքին կենտրոններից ուղղորդվող ֆինանսական, կազմակերպչական, քարոզչական կամ հոգեբանական ճնշման մեխանիզմներով, ապա մենք այլևս գործ չունենք սովորական ընտրախախտման հետ։ Այդ պահից հարցը տեղափոխվում է սահմանադրական կարգի, ժողովրդական ինքնիշխանության և ազգային անվտանգության հարթություն։ Ընտրակաշառքն ինքնին հարված է քաղաքացու ազատ կամքին։ Բայց երբ այն միանում է արտաքին ուղղորդմանը, կազմակերպված տեղափոխումներին, վախի մեխանիզմներին, ապատեղեկատվական արշավներին և օտար պետության քաղաքական շահին, այն դառնում է ոչ թե պարզապես ձայների գնման միջոց, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրական գործընթացի վրա ներգործելու գործիք։ Միջազգային ժողովրդավարական փորձը վաղուց արձանագրել է՝ ընտրությունների լեգիտիմությունը չի չափվում միայն քվեաթերթիկների հաշվարկով։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումների հիմքում նույն սկզբունքն է՝ ընտրությունները պետք է ապահովեն ժողովրդի ազատ կամքի իրական արտահայտությունը։ Եթե այդ կամքը ձևավորվել է փողի, վախի, արտաքին ճնշման կամ կազմակերպված ապօրինի ազդեցության պայմաններում, ապա վնասվում է ոչ միայն ընտրական իրավունքը, այլև ժողովրդավարական պետության սահմանադրական հիմքը։ Այստեղ Սահմանադրական դատարանի առաքելությունը բացառիկ է։ Դատարանը պետք է գնահատի ոչ միայն ընտրակաշառքի առանձին փաստերը, այլև դրանց համակարգային բնույթը, քաղաքական շահառուներին, ֆինանսավորման աղբյուրները, արտաքին ազդեցության հնարավոր կապերը և այդ ամենի ազդեցությունը հանրային իշխանության լեգիտիմության վրա։ Մենք պնդում ենք՝ եթե Հայաստանի ընտրություններում օտար կենտրոնների շահը սպասարկող ուժերը ընտրակաշառքի, վախի, կազմակերպված տեղափոխման, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսավորման միջոցով ստացել են քաղաքական ներկայացվածություն, ապա այդ ներկայացվածությունը չի կարող դիտվել որպես ժողովրդի ազատ կամքի անխաթար արտահայտություն։ Սա Սահմանադրական դատարանի քննության առարկա պետք է դառնա ոչ թե քաղաքական ցանկության, այլ պետական անհրաժեշտության պատճառով։ Որովհետև այստեղ խոսքը միայն մանդատների բաշխման մասին չէ։ Խոսքը այն մասին է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձևավորվո՞ւմ է Հայաստանի քաղաքացիների ազատ կամքով, թե՞ օտար ազդեցության, փողի և կազմակերպված ապօրինի մեխանիզմների միջամտությամբ։ Այդ հարցին պետք է տրվի իրավական, սահմանադրական պատասխան։ Ի՞նչ է ակնկալում «Հանուն Հանրապետությունը» Սահմանադրական դատարանից։ Մենք Սահմանադրական դատարանից ակնկալում ենք սահմանադրական արդարադատության լիարժեք իրականացում։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը չի վիճարկում Հայաստանի պետական ինստիտուտների շարունակականությունը և չի առաջնորդվում ընտրությունները մեխանիկորեն չեղարկելու տրամաբանությամբ։ Մեր պահանջը շատ ավելի հիմնարար է․ Սահմանադրական դատարանը պետք է պատասխանի՝ արդյո՞ք հունիսի 7-ի ընտրությունները, դրանց նախընտրական միջավայրը, ընտրողի կամքի ձևավորման պայմանները և արձանագրված համակարգային խախտումները համատեղելի են ազատ, արդար և սահմանադրական ընտրությունների չափանիշների հետ։ Ընտրությունների սահմանադրականությունը չի որոշվում միայն նրանով, թե քանի քվե է հաշվվել այս կամ այն ուժի օգտին։ Ժողովրդավարական ընտրության առանցքը ժողովրդի ազատ կամքի անխաթար արտահայտությունն է։ Եթե այդ կամքի ձևավորման վրա ազդեցություն են ունեցել ընտրակաշառքը, վախը, կազմակերպված ապօրինի մեխանիզմները, արտաքին ուղղորդումը, ապօրինի ֆինանսավորումը և հիբրիդային ազդեցության գործիքակազմը, ապա Սահմանադրական դատարանը պարտավոր է գնահատել ոչ միայն արդյունքը, այլև այդ արդյունքի ձևավորման իրավաչափությունը։ Մեր ակնկալիքը երեք մակարդակի վրա է։ Առաջինը՝ իրավական գնահատական։ Դատարանը պետք է արձանագրի՝ ընտրակաշառքի բացահայտված և հիմնավոր կասկած առաջացնող ծավալները եղել են առանձին դրվագնե՞ր, թե՞ ընտրողի կամքի վրա համակարգային ազդեցության մեխանիզմ։ Սա առանցքային հարց է, որովհետև համակարգային ընտրակաշառքը արդեն հարված է ոչ միայն ընտրական օրենսդրությանը, այլև ժողովրդական իշխանության սահմանադրական սկզբունքին։ Երկրորդը՝ քաղաքական-սահմանադրական հետևանքների գնահատում։ Դատարանը պետք է քննության առարկա դարձնի, թե այդ մեխանիզմներից որ քաղաքական ուժերն են շահել, ինչ ծավալով են խեղաթյուրվել հավասար մրցակցության պայմանները, և արդյոք այդ ուժերի ստացած քվեն կարող է դիտվել որպես ժողովրդի ազատ կամքի լիարժեք արտահայտություն։ Երրորդը՝ արտաքին միջամտության բաղադրիչի գնահատում։ Եթե ընտրական գործընթացում առկա են եղել օտար կենտրոններից ուղղորդվող ֆինանսական, կազմակերպչական, քարոզչական կամ հոգեբանական ճնշման մեխանիզմներ, ապա դա այլևս սովորական ընտրախախտում չէ։ Դա ազգային անվտանգության և սահմանադրական կարգի պաշտպանության հարց է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում սահմանադրական դատարանները չեն կարող սահմանափակվել ձևական հաշվարկով․ նրանք պարտավոր են գնահատել ընտրության ամբողջական բարեվարքությունը։ Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը հաշվի կառնի ոչ միայն պետական մարմինների նյութերը, այլև միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, տեղական դիտորդական կազմակերպությունների արձանագրումները, քրեական վարույթների փաստական պատկերը, հրապարակային հաղորդումները և ընտրական միջավայրի ամբողջական քաղաքական համատեքստը։ Սահմանադրական դատարանի առաքելությունն է պաշտպանել ոչ միայն ընտրության արդյունքը, այլև ընտրության ազատությունը։ Իսկ եթե ընտրության ազատությունը ստվերվել է փողի, վախի, արտաքին ազդեցության և կազմակերպված ապօրինի մեխանիզմների միջոցով, ապա դատարանը պարտավոր է տալ հստակ, խորքային և պետության դիմադրողականությունը ամրապնդող որոշում։ Ժողովրդավարությունը պաշտպանվում է ոչ թե խախտումները լռեցնելով, այլ դրանց սահմանադրական հետևանքներին ուղիղ նայելով։



