Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի մասին հայտարարությանը՝ նշելով, որ այն «պատմական հնարավորություն» է ընձեռում՝ «կանխելու Իրանի կողմից որևէ միջուկային զենքի ձեռքբերումը և դիմակայելու նրա տարածաշրջանային և բալիստիկ գործունեության հետ կապված սպառնալիքներին»։ G7-ի ղեկավարները նաև պատրաստակամություն են հայտնել նպաստել համաձայնագրի իրականացմանը, նաև համաձայնել, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ, անկախ և պաշտպանական նախաձեռնությունը կարող է «կարևոր դեր խաղալ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման գործում՝ պաշտպանելով առևտրային նավերը, վստահություն ներշնչելով առևտրային նավագնացության օպերատորներին և աջակցելով բոլոր ականների հեռացումը ստուգելու գործողություններին»։ «Մենք վճռականորեն աջակցում ենք նախագահ Թրամփի կողմից ձեռք բերված փոխըմբռնման հուշագրին հաջորդող ամուր և համապարփակ դիվանագիտական համաձայնագրին, որը կարող է խաղաղություն և անվտանգություն բերել տարածաշրջանում բոլորի համար։ Մենք ընդգծում ենք այս նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը՝ հասցեագրելու տարածաշրջանում և դրանից դուրս Իրանի ներկայացրած սպառնալիքները և ապահովելու, որ նրանք երբեք միջուկային զենք չստանան։ Մենք համաձայն ենք, որ նման բանակցությունները կշահեն համապատասխան տարածաշրջանային և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներդրումներից։ Մենք վերահաստատում ենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի», – նշված է հայտարարության մեջ։ Մեծ յոթնյակի ղեկավարները հավելել են, որ աջակցում են Լիբանանի ղեկավարության ջանքերին՝ անհապաղ ամուր հրադադարի միջոցով հասնելու «Հեզբոլլահ»-ի զինաթափմանը և զենքի մենաշնորհի, ինչպես նաև պաշտպանելու Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը «համապատասխան միջազգային անվտանգության երաշխիքներով»։ Գազայի հատվածի առնչությամբ ղեկավարները նշել են, որ կարագացնեն մարդասիրական և վերակառուցման ջանքերին, ինչպես նաև համապատասխան քաղաքական և անվտանգության միջոցառումների արագ իրականացմանը։ «Մենք կոչ ենք անում դադարեցնել բռնությունն Արևմտյան ափում», – հավելել են G7-ի ղեկավարները։ Համատեղ հայտարարությամբ նրանք նաև նշել են, որ պարտավորվում են արագացնել էներգամատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը՝ «Հորմուզի նեղուցի հետ կապված գլոբալ խոցելիությունը նվազեցնելու և էներգետիկ պաշարները մեծացնելու համար»։ Ղեկավարները նաև ողջունել են Կանադայի կողմից առաջիկա տարիներին համաշխարհային շուկաներին «զգալի լրացուցիչ հզորություններ մատակարարելու ներուժը»։ Հայտարարության մեջ առանձին կետերով անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինային և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։



