Թբիլիսիի քաղաքային դատարանը փաստաբան Շոթա Թութբերիձեին տուգանել է 4000 լարիով կամ մոտ 1500 դոլարով։ Փաստաբանի դեմ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Նինո Ցիլոշանիի հասցեին սոցցանցային գրառման համար դատական հայցը ներկայացրել է Վրաստանի ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության վարչության «ատելության խոսքի» դեմ պայքարի դեպարտամենտը։ Գործը հարուցվել է Վրաստանի Քր․օրի հոդված 173-ի առաջին մասով, որը պաշտոնատար անձին խոսքով վիրավորանք հասցնելու համար դատարանի կողմից կիրառված պատիժ է նախատեսում։ ՆԳՆ համակարգում «ատելության խոսքի» դեմ պայքարի դեպարտամենտ ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 18-ին խոսել է Վրաստանի փոխվարչապետ-իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետական նախարար Մամուկա Մդինարաձեն։ Նա հավաստիացրել է, որ «նոր մարմինը ամենակարճ ժամկետներում կսկսի աշխատել և կվերահսկի հրապարակային կոմունիկացիայի բոլոր կապուղիները և ձևերը՝ թույլ չտալու հրահրել ատելություն, թշնամանք, սադրանք, վիրավորանք և նման գործողությունների ցանկացած այլ տեսակ»։ Փաստաբան Շալվա Թութբերիձեն, ինչպես ընդգծում են վրացական լրատվամիջոցները, հայտնի է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերի պաշտպան։ Ցանկություն դեպքում, իհարկե, կարելի է ասել, որ «Վրացական երազանքի» կառավարությունը նրա հետ «հաշվեհարդար է տեսել»։ Խնդիրը, մինչդեռ, այն է, որ տվյալ դեպքում դատական հայց ոչ թե բարձրաստիճան պաշտոնյան է հարուցել, այլ՝ իրավապահ մարմնի համապատասխան ստորաբաժանումը։ Ընդ որում, խոսքը ոչ թե քաղհայցի, այլ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա վարույթ իրականացնելու և դատական վճիռ կայացնելու մասին է։ Հայաստանում Վրաստանի օրինակը վկայակոչելու կայուն ավանդույթ կա։ Մանավանդ ընդգծվում է «Վրացական երազանքի» կառավարության «բալանսավորված արտաքին քաղաքականությունը»։ Սա այն դեպքն է, երևի, երբ Վրաստանի փորձը «ընդօրինակելի» է։ Չէր խանգարի, որ Հայաստանի ՆԳՆ կառուցվածքում նույնպես ստեղծվեր «ատելության խոսքի» դեմ պայքարի ստորաբաժանում։ Անգամ դասական ժողովրդավարության երկրներն են մտածում սոցիալական ցանցերի «քաոսը» կարգավորելու մասին։ Ընդ որում, «ատելության խոսքից» պետք է պաշտպանված լինի ոչ միայն պետական պաշտոնյան, այլև քաղաքացին։ Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում «ընդգծված անհատականություններ» կան, որ ինքնադրսևորմման այլ ձև, քան գռեհիկ հայհոյախոսությունն է, չեն գտել։ Նրանք փաստորեն վիրավորում են հազարավոր պարկեշտ օգտատերերի և մնում անպատիժ։ Այդպիսով նրանք «ճաշակ են ձևավորում», ազդում քաղաքացու արժեհամակարգին։ Փաստը, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավում տեղ է գտել նաև «քֆուր դնելը», բավական է, որպեսզի պետությունը հոգա քաղաքացուն բարոյական տեռորից հնարավորինս ապահովագրելու կարիքը։



