Հայաստանի վեց քաղաքական ուժեր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները «կեղծված» են գնահատել և պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, իսկ որոշ անգամ իշխանամետ համարվող հանրային գործիչներ և փորձագետներ գտնում են, որ ԿԸՀ-ն «ապալեգիտիմացրել» է ՔՊ կուսակցության և Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, քանի որ երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի նշանակել։ Նրանք համոզված են, որ խորհրդարան անցնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «իրավունքը խախտվել» է։ «Կեղծում էին, թող մինչև վերջ կեղծեին եւ իրենց համար սահմանադրական մեծամասնություն ապահովեին, ինչո՞ւ չեն արել, միևնույն է՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ոչինչ չէին ասի»,- Բաքվի «անկախ» հեռուստաընկերությունից մեկին մոտ մեկժամանոց հարցազրույցում «հռետորական հարցադրում» է արել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։ Նա, առանց անուններ տալու և կոնկրետ ժամանակաշրջան նշելու «բացահայտել» է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը․ «Չենք կարող բացահայտ զիջումների գնալ, ժողովուրդը մեզ կբզկտի, եկեք հետաձգենք, մինչև կարողանանք հանրային բավարար աջակցություն ապահովել»,- և դիտարկել, որ «նույնը Փաշինյանն է անում»։ Այլ փաստարկ, որպեսզի հիմնավորի «պայմանավորվածություններից Փաշինյանի հրաժարվելու կամ դրանց իրականացումը երկարաձգելու քաղաքականությունը», Զուլֆուգարովը չի վկայակոչել։ Նրա «երկաթե փաստարկը» մեկն է․ «Ինչո՞ւ կեղծված ընտրություններով Փաշինյանը իր համար սահմանադրական մեծամասնություն չի ապահովել»։ Ի՞նչ կասեր ադրբեջանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, եթե ընդդիմությունը Ազգային ժողովի ընտրությունները «կեղծված» չհայտարարեր, այլևս էական նշանակություն չունի։ Պետք է փորձել պարզել, թե քաղաքական վեց ուժերը ինչո՞ւ են Հայաստանի ԱԺ ընտրությունները «կեղծված» որակել և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքի խախտման» քարոզչությունը որքանո՞վ է համադրվում դրան։ Հունիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգությանը նախկինում սպառնացող ռիսկերը հաղթահարված են։ Հաղթահարվա՞ծ են։



