Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Հունիսի 20-ին ժամը 06։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ քաղաք տանող 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ տեղի է ունեցել մոտ 2 խմ ծավալով քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել երթևեկելի հատվածի քարերը։ Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի»,– ասված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։



