Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սևաստոպոլի նահանգապետի հետ համատեղ որոշում է կայացվել տարածաշրջանային արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Ակսյոնովի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս առավելագույն օպերատիվ կերպով լուծել խնդիրները՝ «բնակչության կենսապահովման համար կարևոր բոլոր ոլորտների կայուն գործունեությունը կազմակերպելու» նպատակով։ Ամռան սկզբից Ղրիմը վառելիքի ճգնաժամ է ապրում, որը վերջին օրերին սրվել է, այդ թվում՝ Սևաստոպոլում, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Հունիսի 21-ին Ղրիմի իշխանությունները հայտարարեցին, որ բենզինը և դիզելային վառելիքը բենզալցակայաններում կվաճառվեն միայն պետական ծառայություններին, որոնք ապահովում են թերակղզու կենսագործունեությունն ու անվտանգությունը։ Ղրիմում մանկական ամառային ճամբարների աշխատանքը դադարեցվել է մինչև սեպտեմբեր։



