ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ Լիլիթ Մկրտչյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հուշագրով նախատեսված է համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, սեմինարների, հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպում, գիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, համալսարանի ուսանողների գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպում, ասպիրանտական թեզերի ղեկավարում և համաղեկավարում, գիտական և մեթոդական գրականության աղբյուրների տրամադրում, գիտական աշխատությունների մշակում և խմբագրում, կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։ Գիտական համագործակցությունը կիրականացվի Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին, Հեռավոր Արևելքին, ինչպես նաև Աֆրիկային վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։



