Վարչապետի աթոռին նստելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։ Սակայն այդ հայտարարությունից ուղիղ 8 տարի անց ստիպված էր խոստովանել, որ մենաշնորհները բոլորովին էլ չեն վերացել։ Վերջերս արդարանում էր, որ 8 տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք քանդել բենզինի շուկայի մենաշնորհը։ Նրան այդպիսի «հանճարեղ» եզրակացության էր բերել այն, որ Հայաստանում բենզինի գները նվազել էին։ Բենզինի գների նվազումը թե ինչքանո՞վ կապ ուներ այդ շուկայում մենաշնորհները քանդելու հետ, մասնագետները լավ կիմանան։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանին առիթ էր պետք՝ հերթական «աննախադեպ ձեռքբերումներով» խաբել ժողովրդին և իրեն վերագրել բենզինի գների նվազումը։ Թե ի՞նչ տեղի ունեցավ կարճ ժամանակ հետո, բոլորն էլ տեսնում են։ Արդեն բավական ժամանակ է, բենզինը կրկին համատարած թանկացել է։ Գները նույնիսկ ավելի բարձր են, քան մինչև վերջին էժանացումն էր։ «Մենաշնորհները քանդելն» էլ ոչնչով չօգնեց, որովհետև բենզինի գների վերջին էժանացումն իրականում կապ չուներ մենաշնորհները քանդելու հետ։



