Գիտական սրճարանի ինտերակտիվ միջավայրում երիտասարդները ծանոթացել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին

Գիտությունը օրերս դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան․ «The Academy People»-ում անցկացված «Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը» գիտական սրճարանի (Science Café) ձևաչափով հանդիպմանը գենետիկայի ոլորտի գիտնականները ներկայացրել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրությունները։ Միջոցառումը վարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։ «Հայաստանն ունի ամուր գիտական ներուժ մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային գենետիկայի, գենոմիկայի, գենետիկական ճարտարագիտության և էկոլոգիական գենետիկայի ոլորտներում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբեն Հարությունյանի խոսքերն են մեջբերված ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Պրոֆեսորն իր խոսքում կարևորել է Հայաստանի և արտերկրի գիտական կառույցների միջև ձևավորված ակտիվ գործընկերությունն ու համատեղ հետազոտական ծրագրերը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրել է հայկական գենոմի ուսումնասիրությունները, որոնք ավելի քան երկու տասնամյակ իրականացվող գիտական հետազոտությունների արդյունք են։ Նա անդրադարձել է հայկական բնակչության գենետիկական առանձնահատկություններին, ծագումնաբանական հետազոտություններին և բացատրել, թե ինչպես են գենոմային ուսումնասիրություններն օգնում ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի պատմական ձևավորումն ու գենետիկական ժառանգությունը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ռոքսանա Զախարյանը խոսել է մի շարք կարևոր նախագծերի մասին, այդ թվում՝ AMADEE 24 Մարսի անալոգային առաքելության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, Միջերկրածովյան ընտանեկան տենդի գենետիկական հետազոտությունների և գենոմի խմբագրման ժամանակակից տեխնոլոգիաների ու դրանց զարգացման հեռանկարների։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող Քրիստինե Մարգարյանը ներկայացրել է Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները։ Նա ընդգծել է, որ այս հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տեղական խաղողի սորտերի պահպանման, գենետիկական բազմազանության գնահատման, արժեքավոր գենետիկական ռեսուրսների բացահայտման համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով