Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել

Լիանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և Վաշինգտոնում ստորագրված հաշտության համաձայնագրի կատարմանն Իսրայելին հարկադրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։ «Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ գնդակոծումները, ռմբակոծությունները, տների քանդումն իր օկուպացրած հարավային շրջաններում», – նշել է պետության ղեկավարը։ Աունն ընդգծել է, որ հուլիսի 21-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կխնդրի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի նա արագացնի Լիբանանից իսրայելական ուժերի փուլ առ փուլ դուրսբերումը։ «Ես բանակցությունների գնացի՝ դադարեցնելու ավերածությունների և ոչնչացման իսրայելական ռազմական մեքենան, նվազեցնելու մարդկային զոհերը և վերջնական հաշվով վերջ դնելու օկուպացմանը, – նշել է քաղաքական գործիչը։ – Այդ քայլը պաշտպանել է լիբանանցիների մեծ մասը, ներառյալ շիաների համայնքը, որը մեծ գին է վճարել պատերազմի համար»։ Աունի խոսքով՝ «չնայած խոչընդոտներին և դժվարություններին, գործերը բանակցային գործընթացում շարժվում են ճիշտ ուղղությամբ»։ Իսրայելի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 26-ին՝ բանակցությունների հինգ փուլից հետո, որոնք տեղի են ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո։ Դրան համապատասխան՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն «արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9609

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով