Իրան-ԱՄՆ բանակցային փակուղին խորանում է. ի՞նչ է առաջարկել Իրանն ԱՄՆ-ին

Իրան-ԱՄՆ բանակցային փակուղին շարունակվում է: Թեև ոչ ԱՄՆ-ը, ոչ Իրանը կողմ չեն ռազմական գործողությունների վերսկսմանը, որի շնորհիվ շարունակվում է պայմանական հրադադարը, բանակցային գործընթացը չի հաջողվում: Չնայած դրան, կուլիսային միջնորդավորված բանակցությունները և առաջարկները միմյանց շարունակվում են: Axios առցանց պարբերականը, հղում անելով երկու անանուն տեղեկացված աղբյուրների, գրում է, որ Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ապաշրջափակել Հորմուզի նեղուցը և վերջ տալ պատերազմին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեղափոխելով ավելի ուշ փուլ։ Հրապարակման համաձայն՝ դիվանագիտությունը հայտնվել է փակուղում, իսկ Իրանի ղեկավարության ներսում չկա միասնական կարծիք միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու հնարավորության վերաբերյալ։ «Իրանի առաջարկը թույլ կտար շրջանցել այդ խնդիրը՝ գործարքի ավելի արագ կնքման ճանապարհին»,- նշում են լրագրողները։ «Սակայն շրջափակման հանումը և պատերազմի ավարտն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կզրկեին ճնշման լծակներից հետագա բանակցություններում, որոնց նպատակն է հասնել նրան, որ Իրանն իր հարստացված ուրանի պաշարները տեղափոխի արտերկիր՝ դադարեցնելով դրա հարստացումը»։ Ըստ Axios-ի աղբյուրների՝ Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ խորհրդակցություն անցկացնել Իրանի հարցով։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են փակուղի մտած բանակցությունները և հնարավոր հետագա քայլերը։ Համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ Թեհրանի առաջարկած ծրագիրն ունի հետևյալ տեսքը. Առաջին փուլ՝ համաձայնություն պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի համար անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ։ Երկրորդ փուլ՝ Հորմուզի նեղուցի կառավարմանն առնչվող հարցեր։ Երրորդ փուլ՝ Իրանի միջուկային ծրագիրը։ Ըստ հրապարակման, Թեհրանը հրաժարվում է քննարկել վերջին կետը, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել նախորդ երկուսի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով