Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն

Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցել են անվտանգ, կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Ամառվա ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, այս տարի ևս համախմբել էր հազարավոր մարդկանց՝ ամբողջ երկրում ստեղծելով տոնական եռուզեռ և բարձր տրամադրություն։ Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքից դուրս՝ ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ և հանգստավայրեր։ ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով հուլիսի 12-ին՝ վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկաններն ու փրկարարները շրջել են լողափերին և հարակից տարածքներում և իրականացրել հսկողություն՝ քաղաքացիներին շարունակաբար իրազեկելով նաև անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին։ Միաժամանակ, Պարեկային ծառայության կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ճանապարհներին՝ կարգավորելով տրանսպորտային հոսքերը և ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր դեպք-պատահարները բացառելու նպատակով։ Հանրապետության հրապարակը տարվա ամենաջրառատ իրադարձության՝ Վարդավառի գլխավոր տոնակատարության կենտրոններից մեկն էր։ Բազմամարդ միջոցառման ողջ ընթացքում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայրաքաղաքում ևս ապահովել են հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու տոնակատարության անխափան ընթացքը։ Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցան անվտանգ, կազմակերպված և առանց լուրջ միջադեպերի՝ ևս մեկ անգամ փաստելով ՆԳՆ ենթակա ծառայությունների՝ անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքի արդյունավետության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10057

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով