ՀՀ Բյուրեղավան համայնքում ապրիլի 21-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով պայմանավորված՝ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են: «Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։ Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։



