Թաիլանդի արևմտյան հատվածում գտնվող նորահայտ հնագիտական վայրում պեղումների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 2 հազար տարվա վաղեմության երկու ոսկե մատանի։ Մատանիները հայտնաբերվել են անցած շաբաթ՝ մարդկային ոսկորների հետ միասին։ Մատանիներից մեկն ունի հին հնդկական բրահմի գրով (Brahmi) արձանագրություն։ Փորձագետների նախնական վերծանմամբ՝ այնտեղ գրված է «pusarakhitasa», որը նշանակում է «Պուշյայի կողմից պաշտպանված»։ Պուշյան հնդկական աստղագիտական ավանդույթում համարվում է ամենաբարեհաջող աստղային նշաններից մեկը։ Մյուս մատանին պարզ ոսկե օղակ է՝ առանց որևէ զարդանախշի։ Մասնագետների կարծիքով՝ երկու մատանիների տերը, հավանաբար, պատկանել է հին Հնդկաստանի վայշյաների (Vaishya)՝ առևտրականների և արհեստավորների խավին։ Դոն Յայ Թոնգ հնագիտական վայրը, որը գտնվում է Բանգկոկից մոտ 130 կիլոմետր հարավարևմուտք, հայտնաբերվել է այս տարվա սկզբին։ Տեղի բնակիչները բրնձի դաշտում գտել էին հնագույն բրոնզե թմբուկների բեկորներ, ինչից հետո սկսվել են հնագիտական պեղումները։ Հնագետների գնահատմամբ՝ այս բնակավայրը պատկանում է Թաիլանդի ուշ նախապատմական ժամանակաշրջանին՝ Երկաթի դարին, որը թվագրվում է մոտ 1500-2500 տարի առաջ։



