Աֆղանստանի արևելքում գտնվող Կունարի նահանգի վրա Պակիստանի իրականացրած հարձակումների հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ի տվյալներով՝ վիրավորներից 30-ը համալսարանի ուսանողներ են։ Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հերքել է համալսարանի և բնակելի թաղամասերի վրա հարձակումը՝ պնդելով, որ հաղորդագրությունները կեղծ են։ «Թալիբան»-ը պնդում է, որ Կունարի նահանգի վրա հարձակման ժամանակ արձակվել են ականանետներ և հրթիռներ, մինչդեռ այլ աղբյուրներ BBC-ին հայտնել են, որ օգտագործվել են ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Տեղում գտնվող մի քանի աղբյուր ևս լրատվամիջոցին հայտնել է համալսարանի հատվածում պայթյունների և ռմբակոծության ձայներ լսելու մասին։ Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարությունը հայտնել է, որ համալսարանի մասնաշենքերը և տարածքը լուրջ վնասներ են կրել։ Շաբաթներ առաջ հաղորդվել էր, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թմրամոլների վերականգնողական կենտրոնի վրա Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով 269 մարդ է զոհվել։ Պակիստանը հերքել է կենտրոնին հարվածելու մասին մեղադրանքները։ Վերջին ամիսներին Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Ապրիլի սկզբին Չինաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը հիմնականում պահպանվում էր, սակայն վերջին օրերին կրկին հաղորդվում է կողմերի միջև բախումների մասին։



