Քուվեյթի բանակը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը ներկայում պայքարում է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները կասեցնելու ուղղությամբ։ Այս մասին գրառում է արվել Քուվեյթի զինված ուժերի X-ի էջում։ Գլխավոր շտաբից նախազգուշացրել են, որ լսվող ցանկացած պայթյուն հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից «թշնամական հարձակումները կասեցնելու արդյունք է»։ Բանակը կոչ է արել բնակչությանը հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության և պաշտպանության հրահանգներին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան բազաների վրա հարձակման մասին։ «Անօդաչու թռչող սարքերով հարվածներ ենք հասցրել Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող մեծ ռազմական տեխնիկայի պահեստի, Patriot հրթիռային պաշտպանության համակարգի և ամերիկյան զորքերի համար նախատեսված MQ-9 անօդաչու սարքերի կայանի վրա»,- նշվել է հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է ամերիկյան զորքերի տեղակայման վայրի և ալ-Ադիրի զորանոցում գտնվող երկու ուղղաթիռների կայանի վրա հարձակում իրականացնելու մասին։



