Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա

Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում հրդեհվել են Wildberries ընկերության ևս երկու պահեստ։ Ընկերության մամուլի ծառայությունն ու մարզային իշխանությունները հաստատել են լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումը Շուշարի ավանում և «Ուտկինա Զավոդ» արդյունաբերական գոտում։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հայտարարության համաձայն՝ Պետերբուրգի մերձակա արդյունաբերական գոտու պահեստում տուժել է երեք մարդ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Շուշարիի լոգիստիկ կենտրոնը Wildberries-ի խոշորագույն հաբերից մեկն է Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում։ «Astra» պարբերականի տվյալներով՝ այն 2024 թվականին գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր խոշոր հրդեհի հետևանքով, սակայն հետագայում վերականգնվել ու շահագործման էր հանձնվել 2025 թվականին։ Հարձակումից հետո ընկերության երկու լոգիստիկ կենտրոնների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Բացի այդ, ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սիմֆերոպոլում գտնվող տեսակավորման կենտրոնը նույնպես տարհանվել է՝ անվտանգության պահանջներին համապատասխան։ Հարձակման ֆոնին «Պուլկովո» օդանավակայանում մոտ 50 չվերթ է հետաձգվել, իսկ օդանավակայանի աշխատակազմն աշխատում է ուժեղացված ռեժիմով՝ չվացուցակը վերականգնելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով