ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) մի խումբ նախկին աշխատակիցներ խոշոր ներդրում է ներգրավել նորաստեղծ ստարտափի համար, որի նպատակն է արհեստական բանականության կիրառմամբ զարգացնել ԱՄՆ-ի ռազմական կիբերհնարավորությունները։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են աղբյուրները։ «Cathedral» անունը կրող ստարտափը ստեղծվել է վերջին ամիսներին՝ նպատակ ունենալով պետական պայմանագրեր կնքել և ԱԲ-ի օգնությամբ զարգացնել ԱՄՆ-ի կիբերունակությունները՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական ուղղություններով։ Ըստ աղբյուրների՝ այդ կարողությունները նախատեսվում է կիրառել այնպիսի ռազմավարական մրցակիցների դեմ, ինչպիսին Չինաստանն է։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է ձեռք բերել տվյալների մշակման կենտրոն (data center) կամ համագործակցել նման ենթակառուցվածք ունեցող մատակարարի հետ, որը կտրամադրի կիբերգործողությունների համար անհրաժեշտ բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորություններ։ Ընկերության համահիմնադիրներն են DOGE-ի նախկին աշխատակիցներ Գևին Քլիգերը, Լյուկ Ֆարիտորը, Մարկո Էլեզը և Ջեք Սթեյնը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին «Cathedral»-ը հաջողությամբ ավարտել է 160 միլիոն դոլարի ներդրումային փուլը, որի արդյունքում ընկերության գնահատականը հասել է 1,4 միլիարդ դոլարի։



