Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հետախուզությունն ունի Ռուսաստանի աշնանային ծրագրերի վերաբերյալ մանրամասն տվյալներ, որոնցում, նրա խոսքով, խաղաղություն նախատեսված չէ։ «Այս տարվա յոթ ամիսներից էլ քիչ ժամանակում Ռուսաստանի զինված ուժերի շարքերը համալրել է 221 000 մարդ։ Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում ռուսական կորուստները կազմել են գրեթե 225,5 հազար, որոնցից 131 հազարը՝ զոհված, գրեթե 93 հազարը՝ վիրավոր։ Վիրավորների զգալի մասը ծանր վիճակում է, քանի որ ռուսական բանակում ռազմաճակատային բժշկական օգնությունը շատ վատ մակարդակի վրա է»,- նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է նոր զորահավաքի։ «Պուտինը պարզապես պատրաստվում է նոր ռուսաստանցիների ուղարկել պատերազմ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև հայտարարել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համագործակցության ակտիվացման մասին։ «Ռուսաստանը ցանկանում է Հյուսիսային Կորեայից ստանալ ևս 30 հազար զինծառայող։ Նրանց ընդունելու համար դեռ հունիսից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Վորոնեժի մարզում։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան պատրաստվում է Ռուսաստանին փոխանցել բալիստիկ հրթիռների նոր արձակման կայանքներ»,- ասել է նա։



