Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Նախարարը բարձր է գնահատել ԻԻՀ–ի հետ բազմաոլորտ համագործակցությունը: Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարար Խուդաթյանը կարևորել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, որը տրվել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի՝ հունիսին Հայաստան կատարած այցի շրջանակում։ ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, իր հերթին, կարևորել է նաև ՀՀ–ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում։ Հանդիպմանը հայաստանյան պատվիրակությունից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը, Քրիստինե Ղալեչյանը, ԻԻՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9721

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով