Մոսկվայից պետական դումայի պատգամավոր Պլատոշկինի մակարդակով Իլհամ Ալիևին «ծաղրել» են, թե «հայրը եղել է ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ, կառավարության նախագահի առաջին տեղակալ, բայց նա Խորհրդային Միությունը անվանել է գաղութատիրական երկիր»։ Իշխանական minval politika-ն հակադարձել է, որ «պետական կառավարմանը տեղական էլիտաների ներկայացուցիչների ընդգրկումը բոլոր գաղութատիրական երկներին բնորոշ երևույթ է, իսկ Հեյդար Ալիևը վկայել է, որ, լինելով կոմունիստ, միշտ հավատացել է Ադրբեջանի անկախության վերականգնմանը»։ Բանավեճը միշտ էլ «հուզական տարրեր» ունենում է, իսկ իրավական փաստաթղթերը փաստացի վկայություն են։ Ադրբեջանի խորհրդային «օկուպացիան» ճանաչված է «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ․ հոկտեմբերի 18-ի ակտով, որը այդ երկրի գործող սահմանադրության հիմքն է։ Ժամանակ և տեղ խնաայելու համար հակիրճ ներկայացնենք, որ այդ օրենքի իմաստով 1918 թ․ մայիսի 28-ին հռչակված «դեմոկրատական» հանրապետությունը «վերականգնել է ադրբեջանական ժողովրդի պետականության դարավոր ավանդույթները, ճանաչվել արտասահմանյան շատ պետությունների կողմից, բայց 1920թ․ ապրիլի 27-28-ին ՌԽՍԴՀ կողմից ենթարկվել է ագրեսիայի և կրկնակի անեքսիայի»։ Այդ ակտի իմաստով Ադրբեջանը ԽՍՀՄ կազմում «եղել է գաղութացված»։ 2001թ․ հունվարի 9-ին Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի արդյունքներով ՌԴ նախագահ Պուտինը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ ստորագրել է «Բաքվի հռչակագիր» անվանված փաստաթուղթը, որի նախաբանում արձանագրված է, որ կողմերը «հենվում են ռուսաստանյան և ադրբեջանական ժողովուրդների պատմական ճակատագրերի ընդհանրությանը և բազմադարյա բարեկամության ավանդույթներին․․․ գիտակցում են Կովկասի ներկայի և ապագայի համար պատասխանատվությունը, հաստատակամորեն հավատարիմ են մնում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Հելսինկյան Եզարափակիչ ակտին և ԵԱՀԿ այլ փաստաթղթերին»։ Բաքվի հռչակագիրը նաև ամրագրել է կողմերի պարտավարությունը՝ համատեղ «պայքարելու անջատողականության դեմ»։ Եթե առարկայական ասվի, ապա Ադրբեջանը պարտավորվել է որևէ ձևով չաջակցել Իչկերիայի չեչենական հանրապետությանը, իսկ Ռուսաստանը՝ Լեռնային Ղարաբաղին։ Անցած տարիներին ստորագրվել է ռուս-ադրբեջանական ևս երկու հռչակագիր։ Մեկը՝ 2008, մյուսը՝ 2022 թվականին։ Երկու դեպքում էլ Ռուսաստանը Ադրբեջանից «ապահովագրվել» է։ 2008թ․ ռուս-ադրբեջանական հռչակագրին հաջորդել է Վրաստանի դեմ հնգօրյա պատերազմը։ 2022թ․ փետրվարի 22-ին Պուտինը Կրեմլում ընդունել է Իլհամ Ալիևին, երկու օր հետո նա տվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու հրամանը։ Պուտինը հաշվարկել էր, որ եերք օր հետո կլինի Կիևում և «հայտնի տեղերից Զելենսկուն կկախի»։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Ալիևին լիուլի ձեռնտու էր, որովհետև դա Լեռնային Ղարաբաղը հայաթափելու բացառիկ հնարավորություն էր։ Սա է իրողությունը և ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» բանավեճին անդրադառնալու հարկ չէր լինի, եթե Հայաստանի քաղաքական և փորձագիտական որոշ շրջանակներ չտրվեին «ըղձախոսության» և չներշնչին, թե Ուկրաինային «հաղթելուց հետո Ռուսաստանը անցնելու է Ադրբեջանին պատժելուն»։ Նախ, Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը խիստ կասկածելի է, երկրորդ՝ որևէ սկզբունքային փոփոխության դեպքում Մոսկվան և Բաքուն վերադառնալու են ռուս-ադրբեջանական երեք հռչակագրերի ոգուն, այն է՝ Կովկասի «ներկայի և ապագայի համար համատեղ պատասխանատվությանը»։



