Երկու օրից ՀՀ կառավարությունը հրաժարական կտա. գործադիր իշխանության անդամները կշարունակեն իրենց գործունեությունը մինչև նոր կառավարության կազմավորումը: Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը խորհրդարանում ունենալու է 64 մանդատ և ինքնուրույն ձևավորելու է կայուն մեծամասնություն։ Կուսակցության՝ ընտրությունների համար հաստատված վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Հետևաբար, սահմանադրական ընթացակարգով խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի նրա թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը նրան կնշանակի վարչապետ։Վարչապետի նշանակումից հետո Կառավարությունը պետք է կազմավորվի 15 օրվա ընթացքում։ Վարչապետը նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը նրանց նշանակում է երեք օրվա ընթացքում կամ դիմում Սահմանադրական դատարան։Կառավարության կազմավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը։ Խորհրդարանն այն քննարկում և հավանության է արժանացնում յոթնօրյա ժամկետում՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ, այսինքն՝ առնվազն 53 ձայնով։ «Առաջին լրատվական»-ի տաղավարում նոր ձևավորվող խորհրդարանի շուրջ զրուցել ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



