Գազայի հատվածի վարելահողերը գրեթե ամբողջությամբ վնասվել են Իսրայելի հետ պատերազմի հետևանքով

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Գազայի հատվածում պատերազմի հետևանքով պաղեստինյան անկլավի վարելահողերի 96%-ը վնասվել կամ անհասանելի է դարձել։ Ինչպես տեղեկանում ենք The Associated Press-ից, այս մասին վկայում է «Մերսի Քորփս» միջազգային մարդասիրական խմբի կողմից հրապարակված ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության համաձայն՝ Գազայի գյուղատնտեսական ենթակառուցվածքների միայն 7%-ն է գործում։ «Մերսի Քորփս»-ը հայտարարել է, որ ջրային համակարգերը և ջրհորները լրջորեն վնասվել են, աղիությունը բարձրացել է, և կեղտաջրերը ներթափանցել են Գազայի հատվածի վարելահողեր։ «Այս ոչնչացումը միայն բնապահպանական չէ։ Այն ուղղակիորեն կապված է պարենային ճգնաժամի հետ», – ասել է մարդասիրական խումբը։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ Գազայի վարելահողերի լիարժեք վերականգնումը կարող է տարիներ տևել, եթե Իսրայելը շարունակի ապրանքների մատակարարման սահմանափակումները, և հողի ու ջրի աղտոտման հարցը չլուծվի։ Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 72 594-ի, վիրավորվել է 172 404 մարդ։ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Հոկտեմբերին կնքված հրադադարը դադարեցրել է Գազայի պատերազմում ծանր մարտերը, սակայն կողմերը պարբերաբար հայտնում են խախտումների մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով