Արցախահայերի համար սպասելի էր, որ Ադրբեջանն Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց հետո, ամեն ինչ կանի հայկական հետքը ջնջելու համար, քանի որ սա է Ադրբեջանի ձեռագիրը։ Սակայն նրանց համար անհասկանալի ու աբսուրդային է ՀՀ ղեկավարի հայտարարությունը, որ չի փորձելու Ադրբեջանի մշակութային ցեղասպանության մասին հարցը պետական մակարդակով դարձնել քննարկման առարկա։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովն աբսուրդային է որակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասում է՝ նա մի ամբողջ երկիր է ներկայացնում, անթույլատրելի է հրապարակավ նման բաներ ասելը։ «Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները և դրանից բխող բոլոր քայլերը տեղավորվում են, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգի տրամաբանության մեջ և հայտարարել, թե ոչինչ չեն անելու ադրբեջանական հանցագործությունների դեմ, որպեսզի չխանգարեն այդ օրակարգին՝ առնվազն դիվանագիտական միամտություն է։ Նախ Ադրբեջանում երբեք չի եղել ու չի լինելու «խաղաղության» օրակարգ, դրա ապացույցները բազմաթիվ են՝ սկսած Արցախում մշակութային վանդալիզմից մինչև ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումը։



