Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։ Մասնակցել են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։ Ինչպես տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։



