Կասպից ծովում ուկրաինական ուժերի կողմից իրանական նավի թիրախավորումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ: Զրույցից հետո Արաղչին հայտնել է, որ Սիբիհայի հավաստիացմամբ՝ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել: «Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հավաստիացրեց, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Ուկրաինան էսկալացիայի չի ձգտում: Իրանը նույնպես չի ձգտում էսկալացիայի, բայց մենք հստակեցրել ենք, որ մեր քաղաքացիների և շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է: Վնասի համար պետք է փոխհատուցում լինի», – գրել է Արաղչին X հարթակում: Սիբիհան իր հերթին հայտարարել է, որ «անկեղծ զրույց» է ունեցել Արաղչիի հետ: «Ես կրկնեցի, որ Ուկրաինայի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելուն և երբեք նպատակամիտված չեն քաղաքացիական նավերի կամ անձանց թիրախավորմանը», – նշել է Սիբիհան X-ում գրառման մեջ: Նա հաստատել է, որ հարվածի հետևանքով զոհվել է Իրանի մեկ քաղաքացի, և որ վերջին միջադեպի ժամանակ թիրախավորված նավը եղել է քաղաքացիական: Նրա խոսքով՝ ռուսական ագրեսիան է բոլոր միջադեպերի «արմատական պատճառը, և հենց Ռուսաստանն է կրում բոլոր սադրանքների և զոհերի ամբողջական պատասխանատվությունը»։



