Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովրդական ժողովը, հուլիսի 28-ի երեկոյան խոսնակի պաշտոնում կին է ընտրել՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։ Պետության չորրորդ պաշտոնատար անձը դարձել է Խալիդա Բուֆեդեշը. նա մասնագիտությամբ ալերգաբան բժիշկ է և խորհրդարանի պատգամավոր Ալժիրի նահանգից, որի մեջ մտնում է համանուն մայրաքաղաքը։ Բուֆեդեշն Ազգային ազատագրական ճակատի (ԱԱՃ) անդամ է, որն իշխանամետ կուսակցություն է և կանգնած է երկրի անկախության ակունքներում, նշում է հրատարակությունը։ Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ ԱԱՃ-ն վերջին խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ տեղերը՝ 407-ից 91-ը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 21,24%, ինչն ամենացածր ցուցանիշն է երկրի ամբողջ պատմության ընթացքում։ Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովրդական ժողովի ղեկավարն իգական սեռի ներկայացուցիչ է, ընտրություններն, ընդհանուր առմամբ, նշանավորվել են պատգամավոր ընտրված կանանց ցածր ներկայացվածությամբ. նրանք ընդամենը 25-ն են կամ 6,14%-ը։



