Զելենսկին ձմռանն ընդառաջ Թրամփից խնդրել է 300 Patriot հրթիռ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտակարգ «ձմեռային փաթեթ»՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումները կանխելու համար։ Աս մասին Զելենսկին հայտնել է Axios-ի հետ հարցազրույցում: Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թրամփը հուլիսի 28-ին իրենց հանդիպման ժամանակ համաձայնել է շարունակել Patriot-ի արտադրության լիցենզիաների հարցը։ Հուլիսի սկզբին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը Զելենսկու հետ հանդիպմանը համաձայնել էր ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների համար կալանիչ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրել Կիևին։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Թրամփը խոստացել է օգնել, սակայն հստակեցրել է, որ դա դժվար է՝ Իրանի դեմ պատերազմում հակահրթիռային համակարգերի անհրաժեշտության պատճառով։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ իրականացվող յուրաքանչյուր խոշոր հարվածի ժամանակ օգտագործում է 30-40 բալիստիկ հրթիռ, և նման հարձակումներ լինում են ամսական երեքից հինգ անգամ։ Նա ընդգծել է, որ Patriot համակարգեր ստանալու համար Կիևը պատրաստ է կիսվել ցանկացած ռազմական տեխնոլոգիայով կամ փորձագիտությամբ, որ ԱՄՆ-ն կկամենա։ Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինական և ամերիկյան պաշտպանական ընկերություններն ուսումնասիրում են ուկրաինական արտադրության բալիստիկ հրթիռները փոփոխելու և հակահրթիռային կալանիչների վերածելու հնարավորությունը, որպեսզի դրանք ունենան Patriot հրթիռների նման հնարավորություններ, քանի որ «դա ավելի արագ և էժան կլինի»։ Զելենսկին նաև Թրամփին տեղեկացրել է, թե ինչպես ուկրաինական ճշգրիտ հարվածները չեն սպանել խաղաղ բնակիչների, այլ, ընդհակառակը, խափանել են վառելիքի մատակարարումը Ղրիմում՝ միաժամանակ թուլացնելով ռուսաստանցի զինվորականների մարտական ​​ոգին։ Axios-ի հետ զրույցում Զելենսկին նաև նշել է, որ պատերազմի դինամիկայի փոփոխությունն օգնել է Թրամփի հետ իր հարաբերություններին, որոնք այժմ ավելի կառուցողական են և «նախկինի նման էմոցիոնալ չեն», ինչն «ավելի լավ է»: Լրատվական հարթակը հիշեցնում է, որ Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերը մղվել են երկրորդ պլան։ Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը դեռևս կապի մեջ են ռուսաստանցի և ուկրաինացի բանակցային խմբերի հետ, սակայն իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են Իրանին առնչվող հարցերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9569

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով