Հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։ Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։



