Հուլիսի 21 -ին Նաուրուի կառավարությունը որոշել է դիվանագիտական հարաբերությունները խզել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ։ Ավելի քան մեկ շաբաթ անց Աբխազիայի «արտաքին գործերի նախարարությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «ափսոսանքով» ընդգծված է, որ «Նաուրուի հանրապետությունը տարիներ շարունակ Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների կողմից ենթարկվել է մշտական ազդեցությունների, իսկ վերջին որոշումը կայացվել է աննախադեպ ճնշումների պայմաններում։ Նաուրուն Խաղաղ օվկիանոսի արեւմուտքում համանուն կղզու վրա գոյություն ունեցող «թզուկ» պետություն է, որի տարածքը կազմում է ընդամենը 21 քառակուսի կիլոմետր, բնակչությունը՝ 11 հազարից մի փոքր ավելի, բայց Միավորված կազմակերպության անդամ է։ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը Նաուրուն ճանաչել է 2009 -ին, իսկ 2017թ․-ին կղզի-պատության նախագահը պաշտոնական այցով եղել է Աբխազիայում։ Ռուսաստանից բացի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան և Սիրիան։ Վերջին օրերին մամուլում տեղեկություն է տարածվել, որ Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո «Դամասկոսը քննարկել է Աբխազիայի անկախության ճանաչումը չեղյալ հայտարարելու հնարավորությունը, բայց Թուրքիան հորդորել է առայժմ չշտապել»։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, Սիրիայի անցումային նախագահ ալ-Շարաայի «շրջապատում կան բավական ազդեցիկ էթնիկ աբխազներ»։ Նրանք նախանցյալ դարի կեսերին Կովկասից Օսմանյան կայսրության տարածք բռնատեղահանված «աբազինների» սերունդ են և՝ պատմական հայրենիքի անկախության ջատագով։ Այս համատեքստում Վրաստանի իշխող կուսակցությունը Եվրամիության հետ հերթական «բանավեճի» մեջ է մտել։ Առիթը Եվրամիությունում որոշումների ընդունման ընթացակարգը փոխելու, կոնսենսուսից հրաժարվելու և մեծամասնության կարծիքով առաջնորդվելու մասին Գերմանիայի նախաձեռնությունն է, որ պաշտպանել են նաև Իտալիան և Ֆրանսիան։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին այդ առթիվ ասել է, որ «ԵՄ-ում չեն ծրագրում իրավահավասար անդամներ ընդունել, երևում է, նրանք մտադիր են անդամ-ստրուկներ ընդունել՝ առանց իրավունքի , միայն պարտավորություններով»։ Սևծովյան միջազգային ինստիտուտի պրոֆեսոր Նիկա Չիթաձեն ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ին մեկնաբանել է, որ Վրաստանի իշխանությունները «փաստացի չեղարկել են Եվրամիության անդամակցության գործընթացը և այժմ հանրությանը նախապատրաստում են, որպեսզի այդ մասին պաշտոնապես ասեն»։ Չիթաձեն կարծում է, որ դա տեղի կունենա 2028թ․ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ռուսաստանյան լրատվամիջոցի տեղեկություններով՝ «ճիշտ է, Վրաստանում եվրասպեկտիկների թվաքանակն ավելացել է, բայց բնակչության 70 տոկոսը շարունակում է եվրաինտեգրման կողմնակից մնալ»։ Վրաստանում Եվրամիության անդամակցության ուղեգիծը ամրագրված է գործող սահմանադրությամբ։ 2024թ․ ընտրություններում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու և այդպիսով սահմանադրական օրենքներ փոխելու նպատակ էր դրել, բայց այն մնաց անհասանելի։



