Հուլիսի լույս 30-ի գիշերը ՌԴ -ն Ուկրաինային զանգվածային հրթիռա-դրոնային հարվածներ է հասցրել։ Հարձակման ընթացքում հրթիռներից մեկը պայթել է Լեհաստանի տարածքում։ «Այս պահին ամեն ինչ վկայում է, որ գործ ենք ունեցել ռուսաստանյան X 101 բալիստիկ հրթիռի հետ»,- Լյուբլինում ճգնաժամային շտաբի նիստի բացմանը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Տուսկը։ Հուլիսի 29-ին Լյուբլինում կայացել է Լեհաստանի վարչապետի և Ուկրաինայի նախագահի հանդիպումը։ Որևէ առարկայական պայմանվորվածության մասին առայժմ տեղեկություն չկա։ Ավելի վաղ, կապված Ուկրաինայի նախագահ Զելենսկուն լեհական բարձրագույն պարգևից՝ «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու հետ, Կիևի և Վարշավայի հարաբերությունները սրվել են, և Տուսկ-Զելենսկի բանակցությունները արդեն իսկ կարելի է դրական գնահատել։ Լեհաստանի տարածքում ռուսաստանյան բալիստիկ հրթիռի պայթյունի կապակցությամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիբիգան ասել է, որ «դա հերթական անգամ ապացուցում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը կենսական անհրաժեշտություն է և ծառայում է որպես եվրոպական ընկերակցության պաշտպանության երաշխիք»։ Ըստ Սիբիգայի, այդ փաստը նաև վկայում է, որ Լեհաստանի և Ուկրաինայի համար ավելի կարևոր բան, քան մեր մշտական թշնամուն դիմակայելն է, չի կարող լինել, քանի որ նա ուղղակի սպառնալիք է մեր երկու ժողովուրդների համար»։ «Հրթիռային միջադեպի» վերաբերյալ Ռուսսաստանը դեռեւս պաշտոնական տեսակետ չի արտահայտել։ ՏԱՍՍ պետական գործակալությունը Լեհաստանի վարչապետ Տուսկին «կշտամբել» է, որ «չի սպասել փորձաքննության արդյունքներին» և միանշանակ հայտարարել է, որ Լյուբլինի վոյեվոդության Տառնավի-Կոլոնիա բնակավայրի շրջակայքում «հայտնաբերված օբյեկտը, իբր, ռուսաստանյան թեւավոր հրթիռ» էր։ Ըստ երևույթին, դա Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն է։ Հարց է, արդյոք լեհաստանյան կողմը կհամաձայնի՞ Ռուսաստանի հետ «համատեղ փորձաքննություն անցկացնելու» գաղափարին, թե՞ կընդունի «մշտական թշնամի Ռուսաստանի դեմ միասնաբար պայքարելու» Ուկրաինայի առաջարկությունը։ Պետք է հաշվի առնել, որ Տուսկ-Զելենսկի հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսել է Ուկրաինայի արևմտյան մարզերի նկատմամբ Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի «իրավունքի» մասին, քանի որ դրանք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ուկրաինային «ստալինն է նվիրել»։



