Իսրայելը և Պարսից ծոցի երկրները Հորմուզի նեղուցին և Կարմիր ծովին ցամաքային միջանցքի այլընտրանք են ստեղծում,- գրել է Reuters-ը։ Լրատվամիջոցի գնահատմամբ՝ «նախագծի իմաստը պարզ է․ բեռնափոխադրումները և նավթի տարանցումը կարելի է իրականացնել ցամաքով»։ Նախագիծը ենթադրում է կառուցել ընդամենը 700 կիլոմետրանոց նավթամուղ և երկաթուղագիծ, որ Պարսից ծոցից Սաուդյան Արաբիայի և Հորդանանի տարածքով կհասնեն Իսրայելի Էյլաթ նավահանգիստ, այնուհետև «առկա խողովակաշարերով նավթը կտարանցվի միջերկրածովյան Աշկելոն, որտեղից այն լցանավերով կտեղափոխվի Եվրոպա»։ Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Կոենը Reuters-ին մեկնաբանել է, որ Պարսից ծոցի երկրները «ձգտում են թոթափել Հորմուզի նեղուցից կախվածությունը, և Թեհրանը հինգ տարի հետո կարող է կորցնել տարածաշրջանի առանցքային երթուղիների հսկողությունը»։ Եթե այդ նախագիծը կյանքի կոչվի, ապա Մերձավոր Արևելքի լոգիստիկ քարտեզը շատ էականորեն կփոխվի, և Իրանի աշխարհաքաղաքական ազդեցությունը կթուլանա։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի այս անդրադարձը ուշագրավ է երկու առումով։ Նախ, Իրանի դեմ ԱՄՆ հրթիռային հարձակումները, գոնե ֆորմալ առումով, վերսկսվել են, երբ Իրանը «հրաժարվել է կատարել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու պարտավորությունը»։ Մոտ երկշաբաթյա հարվածները ԱՄՆ կողմից դադարեցվել են, երբ Իրանը և Օմանը Հորմուզի հարցով բանակցություններ են սկսել։ Այդուհանդերձ, փորձագետների մեծ մասը համոզված է, որ «ինչ պայմանավորվածություն էլ որ ձեռք բերվի, Հորմուզի նեղուցի անվտանգությունը մնալու է կասկածելի»։ Այդ հեռանկարը, բնականաբար, Պարսից ծոցի նավթային երկրներին ստիպում է այլընտրանք փնտրել։ Երկրորդ հանգամանքը ավելի ինտրիգային է։ Բանն այն է, որ հուլիսի 28 -ին Իրաքի նորընտիր վարչապետ Մոհամեդ Ալի ալ-Զաիդը պաշտոնական այցով գտնվել է Անկարայում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում քննարկվել են ինչպես էներգետիկ ոլորտում համագործակցության, այնպես էլ «Զարգացման ուղիու» հետ կապված հարցեր։ Թուրքիայի նախագահի կողմից առաջարկված տրանսպորտային այդ նախագիծը ենթադրում է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությամբ կապակցել իրաքյան Բասրա և թուրքական Ջեյհան նավահանգիստները։ Փաստացի Հորմուզի նեղուցի և Կարմիր ծովի «ցամաքային այլընտրանքի» երկու նախագծերի շահառուների միջև մրցակցությունը կարող է կանխորոշել Մերձավոր Արևելքի ոչ միայն լոգոիստիկ, այլև ռազմա-քաղաքական նոր քարտեզը։ Կարելի է զգուշորեն դիտարկել, որ եթե Իսրայելին հաջողվի Աշկելոն նավահանգիստը դարձնել Պարսից ծոցից դեպի եվրոպական շուկաներ նավթի առաքման հանգուցակետ, ապա Եվրամիության էներգետիկ անվտանգության «երաշխավորի» ադրբեջանական հավակնությունները զգալիորեն կնվազեն։ Այդ դեպքում Իսրայելը կհաղթահարի նաև Ադրբեջանի նավթից կախվածությունը։ Բայց որոշակի եզրակացությունների համար պետք է սպասել իսրայելա-թուրքական մրցակցության «հանգուցալուծմանը»։ Երևի վճռորոշ է լինելու Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը։ ԱՄՆ-ը հետևողականորեն ձգտում է իսրայելա-սաուդյան կարգավորման։



