«Wildberries» առևտրային հարթակը սկսել է հաշվարկել ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով վաճառողների ապրանքներին պատճառված վնասները։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ անդրադառնալով նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանի և Լիլյա Սիրականյանի՝ «Wildberries»-ի ներկայացուցիչների հետ հուլիսի 30-ին կայացած հանդիպմանը։ «Wildberries»-ի ներկայացուցիչների խոսքով՝ տուժած վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։ Գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը, ձեռնարկատերերի աջակցությունը, ընթացակարգերի դյուրացումը և համագործակցության հետագա ուղղությունները։ Ընկերության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։



