Շուշիի բանտը, իրոք, Աուշվից է եղել, բայց՝ հայերի համար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի կողմից «թվիթերում ռուսերենից անգլերեն թարգմանությամբ տեղադրված տեսանյութին», որի հեղինակ Ռիչարդաս Լապատիսի «աչքերով Շուշիի բանտը անվանվել է Կովկասի Աուշվից, այսինքն Լեռնային Ղարաբաղը համեմատվել» է նացիստական համակենտրոնացման ճամբարի հետ, իսկ «ամբողջ հաղորդումը հայերի մասին է, որտեղ հայերը ներկայացվում են որպես կենդանիներ, մարդակերներ»։ Մարուքյան դժգոհել է, որ «այդ ռեպորտաժի մասին հայկական մամուլում ոչ մի նյութ չկա, թե Հիքմեթը ինչ տեսանյութ է դրել, ինչ փողեր են ծախսել, այդ մարդուն տարել Շուշիի բանտը նկարելու» և ներկայացրել իր քաղաքական գնահատականը․ «Մեզ ներկայացնում են որպես համաշխարհային քաղաքակրթությունից հեռու մի ժողովուրդ, որը ադրբեջանցիներին գցել է Շուշիի բանտ ու խոշտանգել» է։ Մարուքյանը, երևում է, հայկական մամուլին ընտրովի է ծանոթանում։ Տողերիս հեղինակը 1.am-ում այդ առթիվ հոդված է հրապարակել, բայց դա չէ էականը։ 1991թ․ ապրիլ-օգոստոս ամիսներին Լեռնային Ղարաբաղում խորհրդային պատժիչ զորքերի և Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրակաանցվել է «Կոլցո» ռազմագործողություն։ Ձերբակալված հայ տղամարդիկ պահվել են Շուշիի բանտում, ապա տեղափոխվել Բաքվի մերձական «Շուվելյան» ճամբարը։ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի լրագրող Նվարդ Սողոմոնյանը ամիսներ շարունակ անհատական հարցազրույցներ է ունեցել Շուշիի բանտից և «Շուվելյանից» հետագայում ադրբեջանցի ռազմագերիների հետ փոխանակմամբ ազատ արձակված տասնյակ անձանց հետ, որոնց հիման վրա 1993թ․-ին Ստեփանակերտում հրատարակել է «Կոլցո» գիրքը։ Էդմոն Մարուքյան կուսակցության նախագահ է, արտերկրում ունի կապեր։ Կարծում եմ, Նվարդ Սողոմոնյանը բռնագաղթի ժամանակ հասցրած կլինի գրքի գոնե մեկ օրինակ փրկել։ Խնդրանքս է, որ Էդմոն Մարուքյանը հոգա Նվարդ Սողոմոնյանի «Կոլցո» գրքի անգլերեն և ռուսերեն թարգմանության և հրատարակության ծախսերը, կազմակերպի շնորհանդես։ Այդ նյութի հիման վրա կարելի է նաև փաստագրական ֆիլմ նկարահանել։ Դա կլինի Հիքմեթ Հաջիևի «տեսաֆիլմի» արժանի պատասխանը։ ։ Իսկ թե ինչո՞ւ այդ կարևոր գործը ժամանակին լայնորեն չի քարոզվել, արդեն քաղաքական հարց է, որի պատասխանը, կարծում եմ, մեկն է, Ստեփանակերտում և Երևանում Մոսկվային «վիրավորելու» քաջություն ոչ ոք չի ունեցել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9661

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով