2026 թվականի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո Գերմանիան կսկսի նախապատրաստվել 2038 կամ 2042 թվականներին մրցաշարն անցկացնելու հայտ ներկայացնելուն։ Հայտի ներկայացման մտադրության մասին հայտարարել է «Այնտրախտի» գլխավոր տնօրենը և Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) վարչության անդամ Աքսել Հելման։ DFB-ն և դրա նախագահ Բեռնդ Նոյենդորֆ մտադիր են հայտ ներկայացնել 2042 թվականի, հնարավոր է՝ նաև 2038 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համար։ Ամեն ինչ կախված կլինի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգից։ Գերմանիան ունի դրա համար անհրաժեշտ ամեն ինչ՝ բավարար թվով մարզադաշտեր, մարզումային բազաներ և զարգացած ենթակառուցվածքներ։ «2006 թվականին աշխարհի առաջնության անցկացումից հետո Գերմանիայի նկատմամբ աշխարհի ընկալումն արմատապես փոխվեց։ «Գերմանացիները չափազանց լուրջ են» կարծիքը փոխարինվեց «Գերմանիան մեծ հյուրընկալ երկիր է» գնահատականով։ Դա մեր պատմության լավագույն մարքեթինգային արշավն էր։ Ներդրումներ կատարվեցին նաև հասարակական տրանսպորտում, ինչը երկարաժամկետ օգուտ կարող է բերել ողջ հասարակությանը»,- նշել է Հելմանը։



