Պակիստանում փրկարարներն արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակում են որոնել աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկի՝ Բրոուդ Փիքի վրա ձնահոսքի տակ մնացած լեռնագնացներին, հայտնում է BBC News-ը։ Անհետ կորած համարվող յոթ հոգու թվում է նաև նեպալցի հայտնի լեռնագնաց Նիրմալ Պուրջան, ով նվաճել է մոլորակի բոլոր 14 8000 մետր բարձրությամբ գագաթները։ Ձնահոսքը գրանցվել է հինգշաբթի օրը Պակիստանի և Չինաստանի սահմանին՝ Կարակորումի լեռնաշղթայում գտնվող 8047 մետր բարձրությամբ լեռան վրա։ Միջազգային արշավախմբի կազմում եղել է 10 մարդ։ Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ երեք լեռնագնացների մարմիններն արդեն հայտնաբերվել են։ Զոհվածներն են՝ ամերիկուհի Մալորի Գայսը, Օմանից Նադհիրա Ահմեդ Աբդուլլա Ալ-Հարթին և նեպալցի լեռնագնաց Պուր Բահադուր Գուրունգը։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են տեղացի պակիստանցի լեռնագնացները, ինչպես նաև Նեպալից ժամանած արշավախմբերի մասնակիցները, որոնք ժամանակավորապես դադարեցրել են դեպի հարևան Կ2 գագաթի վերելքը։ Այնուամենայնիվ, վատ եղանակը լուրջ դժվարություններ է ստեղծում փրկարարների համար։ Պակիստանի Ալպյան ակումբի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ անօդաչու սարքերի միջոցով հաջողվել է նկատել մի քանի լեռնագնացի, սակայն նրանց վիճակի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Բացի այդ, փրկարարները մտավախություն ունեն, որ նոր ձնահոսքեր կարող են գրանցվել։ Ռազմական ուղղաթիռները պատրաստ են տարհանել տուժածներին, սակայն դրանց կիրառումը կախված է եղանակային պայմաններից։ Բրոուդ Փիքի արշավախումբը գլխավորում է ժամանակակից ամենահայտնի լեռնագնացներից մեկը՝ Նիրմալ Պուրջան։ 2019 թվականին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բարձրանալով 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող բոլոր 14 գագաթները ընդամենը 6 ամսում և 6 օրում։ Մինչ պրոֆեսիոնալ լեռնագնացությամբ զբաղվելը՝ Պուրջան ծառայել է բրիտանական բանակում, ապա՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումում։ Իր առաջին լուրջ վերելքը նա կատարել է 2012 թվականին՝ նվաճելով Նեպալի Լոբուչե-Իստ գագաթը։ Արշավախմբի մասնակիցների թվում է նաև Կիլի Պեմբա Շերպան, ով 15 անգամ բարձրացել է Էվերեստ և մասնակցել 2021 թվականին Կ2 լեռան պատմական ձմեռային վերելքին։ Բրոուդ Փիքը լեռնագնացների համար համարվում է ամենաբարդ գագաթներից մեկը։ Առաջին հաջողված վերելքը տեղի է ունեցել 1957 թվականին, երբ գագաթը նվաճել է ավստրիական արշավախումբը։ Այդ ժամանակվանից ի վեր հարյուրավոր լեռնագնացներ են բարձրացել լեռը, սակայն տասնյակ մարդիկ էլ զոհվել են փորձերի ժամանակ։ Ամենաողբերգական էջերից մեկը գրանցվել է 2013 թվականին, երբ Բրոուդ Փիքի վրա առնվազն 6 լեռնագնաց է զոհվել։



