Ճապոնիայի Կյուսյու կղզում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է 1607 թվականին կառուցված հայտնի Կումամոտո ամրոցը։ Տարերքի պատճառով փլուզվել են պատմական կառույցի քարե պարիսպների որոշ հատվածներ, վնասվել են նաև համալիրի ներսում գտնվող շինություններ, ինչի հետևանքով ամրոցը ժամանակավորապես փակվել է անվտանգության ստուգումների համար, գրում է The Art Newspaper-ը։ Ամրոցը դեռևս վերականգնման փուլում էր 2016 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, և նախատեսվում էր, որ աշխատանքները կտևեն մինչև 2052 թվականը։ Ամրոցի վարչակազմից հայտնել են, որ նոր ավերածությունների ամբողջական ծավալը դեռ ուսումնասիրվում է, սակայն վերականգնման ավարտի ժամկետը, ամենայն հավանականությամբ, ավելի կերկարաձգվի: Երկրաշարժը վնասներ է հասցրել նաև Կումամոտոյի պրեֆեկտուրայի այլ մշակութային վայրերի. փլուզվել է Յացուսիրո սրբավայրի դարպասը, իսկ առնվազն 16 թանգարան ու պատկերասրահ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Կումամոտոյի ժամանակակից արվեստի թանգարանից հայտնել են, որ ցուցանմուշները լուրջ չեն տուժել, և շենքի անվտանգությունն ապահովելուն պես հաստատությունը հնարավորինս արագ կվերաբացվի հանրության համար։



