Ազգային ժողովում Արցախի դրոշները դնելու մեջ ոչ մի հերոսություն չկար, քանի որ այդ դրոշները տեղադրողների գործունեության հետևանքով ո՛չ Արցախը մնաց հայկական, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց,- ֆեյսբուքի անհատական օգտահաշվում է գրել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Նա արցախցի միակ պատգամավորն է, ով 2023թ․ սեպտեմբերի 9-ին նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրությանը «դեմ» է քվեարկել՝ լինելով «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի և խորհրդարանի թվաքանակով ամենամեծ խմբակցության անդամ։ Թե ինչո՞ւ է Աղաբեկյանը հակադրվել Արցախի խորհրդարանի «որակյալ» մեծամասնությանը, դե՞մ է եղել կոնկրետ Շահրամանյանին, թե՞ առհասարակ իշխանափոխությանը, հարցեր են, որոնց պատասխանը չկա և, գուցե, չլինի առաջիկա տարիներին։ Խնդիր է, թե ինչո՞ւ այսօր, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման առիթով նա հիշել և հիշեցրել է, որ Արցախի դրոշը Հայաստանի խորհրդարանում «տեղադրողների գործունեության հետևանքով ոչ Արցախը մնաց հայկական, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց»։ Արցախի դրոշը Հայաստանի նախորդ գումարման Ազգային ժողովում «տեղադրել» են ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Մեկի առաջնորդը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, մյուսինը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Արամայիս Աղաբեկյանը, ըստ էության, հրապարակայնացնում է, որ նրանց «գործունեության հետևանքով ոչ Արցախը մնաց հայկական, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվեց»։ Այսինքն, Արցախի «կորստի գինը գոնե Նիկոլ Փաշինյանի իշխանազրկո՞ւմը պիտի լիներ», դա՞ է հրապարակայնացնում Աղաբեկյանը։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանին «Ալիևի հրահանգները կատարելու մեջ մեղադրողները պետք է համարձակություն ունենան» և բացատրեն, թե ինչո՞ւ նորընտիր Ազգային ժողովում Արցախի դրոշը չկա։ Արցախցի խորհրդարանականի գրառման ենթատեքստով՝ եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը «իշխանազրկվեր», միևնույն է, Հայաաստանի Ազգային ժողովում Արցախի դրոշը չէր լինելու։ Սա ընդդիմության և նրա առաջնորդների հասցեին քաղաքական չափազանց ծանր մեղադրանք է։ Աղաբեկյանը փաստացի պսակազերծել է Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությանը և նրա ապոլոգետներին, որ Արցախի «մահախոսական» են ներկայացնում Պրահայի քառակողմ հանդիպման մասին մամլո հաղորդագրությունը։ Արամայիս Աղաբեկյանի «բացահայտումը» նաև արտաքին քաղաքական հասցեատեր ունի, իսկ հանրային ընկալման առումով, ինչը պակաս կարևոր չէ, այն կարելի է անվանել «Ղարաբաղյան ռեքվիեմ»։ Լուսանկարը՝ panorama.am-ի



