Ինչպե՞ս են ձևավորվում քարանձավները, ո՞ր տեսակն է միայն Հայաստանում, ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ այս վայրերը զբոսաշրջային կենտրոններ դարձնելու առումով։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք քարանձավագետ Սմբատ Դավթյանի հետ։ – 1975-80թթ. սովորել եք ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում՝ գեոմորֆոլոհիայի և քարտեզագրության բաժնում։ Այդ ժամանակվանի՞ց են սկսել հետաքրքրել քարանձավները։ – Ուսանողական տարիներին այսպիսի առարկա կար՝ գեոմորֆոլոգիա, և դասախոսներն ասում էին, որ այն ուսումնասիրում է երկրի ռելիեֆի ձևերը․ գետահովիտներ, սառցադաշտեր, քարանձավներ։ Նաև ասում էին, որ այս պայմաններում Հայաստանում երկար քարանձավների պետք չէ սպասել։ Դե փոքրերն էլ տեսել էինք՝ հրաբխային քարանձավներն են։ Բուհն ավարտելուց հետո ինձ աշխատանքի հրավիրեց Հայկական աշխարհագրական ընկերության գիտքարտուղար Ռաֆայել Վանյանը՝ հարցնելով, թե եթե քարտեզագրման աշխատանք լինի՝ կանե՞մ, ես էլ մտածեցի՝ եթե երկրի մակերևույթի վրա անում եմ, ընդերքում ինչո՞ւ չպետք է անեմ։ Իրականում սարերի ու ձորերի տարբերություն է։ 1981թ․ հայկական ԽՍՀ կառավարությունը որոշում ընդունեց, այն է՝ Վայոց Ձորի 3 քարանձավները՝ Արջերի, Մոզրովի, Մագելանի, պետք է վերածել տուրիստական օբյեկտի։ Մինչ այդ մեր ալպինիստներից մեկը՝ Էդվարդ Սարգսյանը, մի խումբ էր հավաքել, որոնք ուսումնասիրում էին ՀՀ քարանձավները։ Հասել էին Վայոց ձոր ու մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել․ ճանապարհի շինարարության ժամանակ պայթեցման աշխատանքներ էին կատարվել ու բացվել էր մի քարանձավ։ Այն հետո կոչվեց Մոզրովի քարանձավ։ Եկել ուսումնասիրել, տեսել են, որ արժեքավոր է։ Ապա ուսումնասիրողների խմբին մոտեցել է Արենի գյուղի որսորդներից Մագելան Առաքելյանը՝ ասելով, որ նման մի մեծ քարանձավ էլ ինքն է գտել։ Տանում, ցույց է տալիս։ Գյուղում նրան Մագել էին ասում ու քարանձավն էլ այդպես է կոչվել։ Հետո հայտնաբերվեց նաև Արջերի քարանձավը (1978թ․), և, քանի որ մենք փորձ չունեինք՝ մասնագետների հրավիրեցին Ուկրաինայի ԳԱԱ-ից՝ Ալեքսանդր Կլիմչուկի ղեկավարությամբ։ Արջերի քարանձավի մի հատվածն ուսումնասիրեցին, նախագիծ ներկայացրեցին, 1984թ․ հայտնաբերվեց քարանձավի երկրորդ հատվածը, նրանք արդեն չեկան։ Վանյանը զանգարահեց, թե՝ արդեն քո ժամը մոտենում է, արի տեսնենք՝ ի՞նչ ես անում։ Գնացի, նայում եմ՝ մարդիկ հազիվ են սողալով անցնում, քարանձավը քարտեզագրել կլինի՞։ Շտատիվները կարճացրեցինք, հետաքրքիր բաներ ստեղծեցինք, այդ հատվածը արեցինք, մի հրաշալի պատկեր ստացվեց։ Դժբախտաբար, այդ պատկերը հիմա աղավաղված է, քանի որ ահագին ժամանակ քարանձավը բաց էր ու ենթարկվել է բարբարոսությունների։ Նույնն էլ Մոզրովի քարանձավը։ Քիչ թե շատ լավ վիճակում գտնվեց Մագելանի քարանձավը, որովհետև երկար ժամանակ փակ էր պահվում։ 2015թ․, երբ Կառավարությունը նորից որոշում կայացրեց այդ քարանձավներն օգտագործելու համար, մրցույթ հայտարարվեց, կազմակերպությունները մասնակցեցին ու կարողացան քարանձավները վարձակալել։ Մագելանն ու Արենի 1-ը ամբողջությամբ օգտագործվում են, Մոզրովն ու Արջերը ենթակառուցվածքների բացակայության պատճառով անհնար կլինի օգտագործել։ Եվ երրորդը՝ Արագածոտնի մարզի քարե դռներով քարանձավն արդեն պատրաստ է շահագործման, ուղղակի վարձակալը երևի մարքեթինգային հետազոտություն է իրականացնում․ տեսնենք, թե ի՞նչ հետևանքներ կունենա։ – Քարանձավները մարդի՞կ են վնասել։ – Այո։ Տեսնեք, կզարմանաք, թե ինչ պրիմիտիվ դատողությամբ են ամեն ինչ քանդել։ Քարերը սովորական կալցիում CO3, նույն ցեմենտի նյութից են, իրենց թվացել է, թե ինչ-որ թանկարժեք բան է։ Հա, իրականում թանկարժեք է, բայց գիտության համար։ Երկրաբանության ինստիտուտը տարբեր նախագծեր է իրականացնում, բոլոր քարանձավներից նմուշներ են վերցրել ու պարզվել է, որ քարանձավաստեղծման պրոցեսը սկսվել է մոտավորապես կես միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտավորապես 50․000 տարի առաջ։ Այդ կտրվածքով կարող են որոշել, թե կլիմայական ի՞նչ պայմաններ են եղել, ի՞նչ բույսեր են աճել, խոնավության ինչ պաշար է եղել։ Բայց, որ այդ քարը ջարդում, տանում են տուն, 2-3 տարի հետո, երբ խոնավազերծ է լինում, իսկ քարանձավը խոնավ է միշտ, այդ պայմաններում փոշու է վերածվում։ Տանը չեն կարող նման բաներ պահել։ – Ինչպե՞ս են առաջանում քարանձավները։ – Քարանձավի առաջացման համար երկու պայման է պետք․ եթե խոսենք կարստային քարանձավների մասին, որոնք ամենաշքեղն են, դրանց մեջ մտնում են կրաքարերը, դոլոմիտները, մերգելները, ինչ-որ տեղ էլ՝ աղը, որոնք հեշտությամբ ջրի մեջ լուծվում են։ Ինչպես նաև պետք է ջրի առկայություն։ Այս դեպքում առաջանում են քարանձավները, բայց գիտության մեջ երկար ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ քարանձավներն առաջանում են, երբ վերևից ջուրը լցվում է այդ ապարների մեջ։ Բայց երբ տեսնում ես, որ քարանձավի առաստաղին գմբեթաձև խորացումներ կան, չի կարող ջուրը գալ ու բարձրանալ։ Եվ ծնվեց այն կարծիքը, որի առաջամարտիկը Կլիմչուկն էր, այն է՝ ներքևից բարձր ճնշմամբ դուրս եկող ջրերն են քանդել այդ ամեն ինչը։ Իսկապես, մեր բոլոր քարանձավներն էլ, համենայն դեպս Վայոց Ձորի, ունեն այդ ծալքը։ Դրանք կոչվում են հիպոգեն քարանձավներ։ Վերևից իջնող ջրի դեպքում կոչվում են էպիգեն։ Աշխարհում ամենամեծ քարանձավները հիպոգեն ծագում ունեն։ Յուրաքանչյուր քարանձավի ձևավորման համար միլիոնավոր տարիներ են պետք։ Մեր քարանձավները ձևավորվել են վերջին 1,5-2 մլն տարվա ընթացքում, երբ ընդերքից տաք ջրերը բարձր ճնշման տակ դուրս են եկել, լվացել են շերտերը։ ՀՀ-ում լայն տարածում ունեն նաև հրաբխային քարանձավները։ Դրանք երկու տեսակի են։ Մի մասը լավայի թունելներն են։ Տաք լավան արտավիժում է, վերևի կեղևը շուտ սառչում է, ներսում դեռ հրահեղուկ լավան կա։ Հետո ձևավորվում է դատարկություն, ու դրանք լավային թունելներ են կոչվում։ Կան նաև էրոզիոն քարանձավներ․ Հրազդանի կիրճում, Լոռիում, երբ գետը վերևից սկսում է քանդել այդ հրաբխային շերտերը, ինքը կողային էրոզիայի միջոցով շերտերի մեջ է մտնում։ Երրորդ ամենամեծ խումբը արհեստածին քարանձավներ են, երբ մարդիկ են քանդել։ Գորիսը, Խնձորեսկը, Գեղարդը, այդպիսի ծագում ունեն։ Պատկերացրեք, մարդիկ շենք են ստեղծում արհեստական միջոցներով և ստացվում են մշակութային, պաշտամունքային, բնակելի կառույցներ։ – Արհեստականորեն ստեղծված քարանձավները որպես թաքստո՞ց են ծառայել։ – Ոչ միայն թաքստոց․ կարող են եկեղեցիներ լինել, հանքավայր… ամեն ինչ։ Աշխարհում միայն մեզ մոտ կան քարե դռնավոր քարանձավներ։ Պատկերացրեք սենյակ, որը նախատեսված է եղել հացահատիկ պահելու համար. կարասանման հորեր են, որտեղ հացահատիկ են պահել։ Ու մուտքը փակվել է քար դռնով։ 200-300 կգ քար է, որը հեշտությամբ կարող ես բացել ու փակել։ Կարելի է ինժեներական գլուխգործոց համարել։ Այդ տիպի քարանձավ միայն ՀՀ-ում կա՝ Արագած լեռան հարավային լանջերին՝ Կոշ, Ուջան, Վերին Սասունիկ գյուղերի տարածքներում։ Ամեն տարի մեր երիտասարդ կոլեգաները 2-3 հատ հայտնաբերում են։ 1980-ականններին 40 հատ էինք հայտնաբերել, հիմա դրանց թիվը հասել է 60-ի։ Ու դրանց պահպանության համար մեր երկիրը պետք է լուրջ ջանքեր գործադրի։ Ֆանտաստիկ բաներ են։ Այդպիսին է քարանձավների աշխարհը։ Մտքովդ չի անցի, որ նախնիներդ քեզանից 1000 տարի առաջ որոշել են այդպիսի ամբարներ ստեղծել։ – Այսինքն, նոր քարանձավներ հայտնաբերվում են։ – Իհարկե։ Մի քիչ էլ պատահականություն է քարանձավի հայտնաբերումը։ Կարող ես նույն արահետով 100 անգամ անցնել՝ չտեսնել, մյուսն անցնի՝ տեսնի։ 40 տարի առաջ Քարաձոր գետի կիրճում էինք աշխատում, ու պատահական հայտնաբերեցի մի քարանձավ, որտեղ ձեռագիր կար։ Շոգ օր էր։ 1986թ․ հուլիս ամիսն էր ու որևէ ճեղքում պատսպարվելու համար ստվեր էինք փնտրում։ Հեռվից մի ճեղք երևաց։ Որոշեցինք պատսպարվել, որ երեկոյան նոր կարողանանք աշխատել։ Ոչ ջուր կար, ոչ ծառ, ոչ թուփ, մի սարսափելի անապատ։ Օձեր կային ու ինչ ասես։ Վախենում էինք առանց ոտքներիս նայելու՝ քայլել։ Բարձրացանք ճեղքով, նստեցինք մի քիչ։ Հետո, երբ կանգնեցինք՝ տեսանք, որ փոշին ներս է գնում։ Սա նշանակում էր, որ ներսում ծավալներ կան։ Փոշին որ չլիներ՝ շարունակելու էինք մեր ճանապարհը։ Մտանք՝ ճեղքով գնացինք․ մի հսկայական քարանձավ էր՝ հին կենդանիների գլուխներով՝ ուղտ, հովազ, ամեն ինչ կար։ Չափագրման աշխատանքները վերջացնելուց հետո ասացի՝ տեսնեմ ի՞նչ կա։ Երբ լուսարձակը գցեցի ժայռի վրա՝ քառակուսիանման մի բան տեսա։ Վրայի փոշին սրբեցի ու նկատեցի, որ գրքի նախշ է։ Բացեցի՝ տեսա տառերը։ Մեր ղեկավարներին ասացինք, հաջորդ օրը Մատենադարանի տնօրեն Սեմ Արևշատյանը, ձեռագրերի բաժնի պետ Յուրի Տեր-Վարդանյանը եկան, թե՝ եկեք տեսնենք՝ ի՞նչ եք գտել։ Բարձրացանք, իջեցրեցինք ներքև։ Պարզվեց՝ շարակնոց է՝ 13-րդ դար։ Եթե եղանակը հով լիներ՝ կյանքում այդտեղ չէինք բարձրանա։ – Պատահաբար հայտնաբերված քարանձավներն անուններ ստանո՞ւմ են։ – Աշխարհում այսպես է ընդունված՝ նախ համարակալում են։ Բացի այդ, օգտագործում են տեղի անունները։ Մեկը, ասենք, դրել է Արջի քարանձավ, մյուսը՝ Մագելանի, Մոզրովի։ Բոլորը տեղի անուններով են, մարդկանց անունով ցանկալի չէ, որովհետև օրենք կա, որ մարդու մահվանից 10 տարի հետո նոր կարող են իր անունով կոչել քարանձավը։ – Հիմա Ձեր գտածն ինչպե՞ս կոչվեց։ – Ձեռագրի քարանձավ։ Գտնվում է Վեդու շրջանում՝ Զանգակատուն գյուղից մոտավորապես 4կմ հարավ-արևմուտք։ Կենդանիների ոսկորները հանելու խնդիր ունենք։ Եթե կենդանաբանները խնդրեն՝ կգնանք կհանենք, կտանք իրենց։ – Մի քանի տարի առաջ Եղեգնաձորում ժայռապատկեր էին գտել, չէ՞: – Այո, Գանձակ գյուղի մոտ է։ Հայ-իտալական արշավախմբի աշխատանքի ժամանակ գտանք։ Գնացինք՝ բաց տարածություն էր։ Երիտասարդներից մեկը տեսավ, ասաց՝ ժայռանկար է։ Հիմա կարծեմ Հնագիտության ինստիտուտի փորձագետներն ուսումնասիրում են։ – Հիշում եմ, 2016թ ․ քարանձավագետները մամուլի ասուլիսի ժամանակ ասացին, որ քարանձավները պետք է օգտագործվեն, գնան-գան զբոսաշրջիկները, թե չէ՝ կկործանվեն։ Ինչո՞ւ։ Հակառակը չէ՞ , գնան՝ բան չի լինի։ – Չէ։ Ցանկացած հուշարձան ապրում է, երբ օգտագործվում է։ Եթե քարանձավն անտերության է մատնվում՝ ով ասես կարող է մտնել, դուրս գալ։ Մագելանի քարանձավի ամբողջ մշակութային շերտը քար ու քանդ էր արված։ Ոսկի էին ման եկել, էլ չեմ խոսում, որ ստալակտիտները ջարդել-տարել էին։ 10-յակից ավելի քարանձավներ ունենք, որ կարող են օգտագործվել, ուղղակի հետաքրքրություն չկա, կամ մարդիկ չեն ուզում բյուրոկրատիայի մեջ ընկնել։ Մագելանի և Արենի 1 քարանձավներում երիտասարդ մարդիկ են աշխատում, ովքեր իրենց գյուղերից չեն հեռանալու։ – Ի՞նչ վտանգներ են պարունակում քարանձավները։ – Եթե բարեկարգված, լուսավորված են, ոչ մի վտանգ չկա։ Բայց եթե վայրի քարաձավ եք մտնում՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ Օձ, կարիճ կարող եք տեսնել՝ հատկապես ՀՀ-ում։ Նույնիսկ, եթե երկրաշարժ լինի՝ դրսում ավելի շատ ավերածություններ կլինեն, քան քարանձավում։ Գեղարդի քարանձավները 13-րդ դարի կառույց են․ այդ դարից հետո բոլոր շենք-շինություններն ավերվել են՝ Գառնիի երկրաշարժից, բայց քարաձավի ներսում ընդամենը ճաքեր են առաջացել։ – Ովքե՞ր են հետաքրքրվում քարանձավներով ․ նրանք, ովքեր սիրում են արկածային տուրի՞զմ, թե՞ հակառակը։ – Արկածային տուրիզմ սիրողները սիրում են փոշու, ցեխի մեջ սողալ։ Մյուսներին հետաքրքրում է մշակույթը, թե ոնց են ապրել մարդիկ, ի՞նչ է տեղի ունեցել այդտեղ, մշտական բնակավա՞յր է եղել, թե՞ ապաստարան։ Հնագիտության ինստիտուտի արշավախումբը չեխերի հետ համատեղ ուսումնասիրություն էր իրականացնում Մագելանի քարանձավում․ գործվածքի կտոր են գտել․ անալիզը ցույց տվեց, որ Արենիի ժողովուրդը պատսպարվել է Շահ Աբասի ժամանակ հենց այդ քարանձավում։ Շահ Աբասը եկավ, Արևելյան Հայաստանը դատարկեց, Արենիի ժողովրդին չկարողացավ տանել, որովհետև պատսպարվեցին քարանձավում։ Գործվածքը ցույց տվեց պատմական փաստը։ Արենիի ժողովուրդը բնիկ է։ Նրանց չկարողացան տեղափոխել Նոր Ջուղա։ – Գիտության ո՞ր ոլորտի ներկայացուցիչներին կարող է հետաքրքրել քարանձավը ․ ուսումնասիրություն կատարո՞ւմ են, թե՞ չէ։ – Բոլորին․ նույնիսկ փիլիսոփան այնտեղ անելիք ունի։ Պլատոնի մի աշխատությունը կոչվում է «Քարանձավ»։ Այլ բան է, որ մեր երկրում սովորաբար բարդ է այդպիսի հետաքրքրություն առաջացնել։ 40 տարի առաջ երբ աշխատում էինք, բավականաչափ հետաքրքրվողներ կային, հիմա նրանց թիվը կրճատվել է։ Մենք շինարար ժողովուրդ ենք, չէ՞։ Բայց մի բան ասեմ․ այն ճարտարապետները, ովքեր հողի մակերևույթին են աշխատում, ուրիշ մտածողություն, գիտելիք են ունեցել՝ համեմատած նրանց հետ, ովքեր ընդերքում են աշխատել։ Գեղարդի քարանձավի «շինարարը» հրաշալի ինժեներային ուղեղ է ունեցել։ Ստեղծել է քարանձավների համակարգ, որոնք երկու տեղում են իրար հատվում։ Մտածում եմ՝ դիտմամբ է արել, ակուստիկայի համար։ Ի՞նչ գործիքներով են աշխատել, ինչպե՞ս են աշխատել գետնի տակ՝ մեզ հասու չէ։ Ենթադրենք՝ պատերը կարող են քանդել քլունգով, ուրագով, բա ներսում ո՞նց են ուղղորդել, որ մյուսներին չկպնի, ո՞նց են չափել։ Լուրջ գիտելիքներ են ունեցել, լավ են հասկացել երկրաբանությունից, թե որ ապարի մեջ փորեն, որպեսզի փլուզում տեղի չունենա։ Ունենք նաև ստորգետնյա պաշտամունքային կառույցներ, որոնք վերգետնյային չեն կրկնում։ Այսինքն, ունիկալ են միայն ստորգետնյա տարածքների համար։ Դահլիճների տեսակներ կան, գմբեթավոր քարանձավներ ունենք, որ դրսում այդ ձևը չկա։ Կամ՝ 2-3 նախասրահով եկեղեցական համալիր, որի նման կառույց դրսում չկա։ Այս ամենը հետաքրքիր գիտություն է, որով մեզ մոտ դժբախտաբար չեն զբաղվում։ – Մարդը ե՞րբ է դիմել քարանձավի օգնությանը , հիմնականում «փախուստի» դեպքո՞ւմ։ – Մարդը ծնվել է քարանձավում, անգամ մեր աստվածները՝ Միհրը, Խալդին։ Ուրարտացիները նույնիսկ ստորգետնյա Աստված են ունեցել՝ Այրիանի։ Քրիստոսն էլ քարանձավում ծնվեց, չէ՞։ Մեր էպոսի հերոսը՝ փոքր Մհերը, մինչև հիմա քարանձավում պատսպարված է, սպասում է, որ արդար կարգեր հաստատվեն ու դուրս գա։ Մեզ որտե՞ղ են թաղում, ըստ էության քարանձավի մեջ․ դագաղը քարանձավ է, չէ՞։ Ստորգետնյա ինչքա՞ն հերոսներ ունենք։ Այդ ամբողջը՝ հեքիաթները, էպոսները, առասպելները, մի հսկայական շերտ են պարունակում։ Այնպես որ՝ քարանձավներից շատ հեռու չենք գնացել։ – Ո՞րն է քարանձավների առանձնահատկությունը։ – Ֆանտաստիկ ու խորհրդավոր աշխարհ։ Ինչե՞ր են տեղի ունեցել քեզանից առաջ։ Երբեմն մտածում եմ, թե ինձանից առաջ քանի՞ մարդ է մտել այս քարանձավը։ Ի՞նչ ակնկալիքով են մտել, թաքնվե՞լ են թշնամուց։ Պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն մշակել, որ ամեն տարի գոնե մի քարանձավ շահագործենք այդ նպատակով։ Քո մշակույթը կարող ես ցույց տալ քարանձավի միջոցով, ամեն ինչ կա այնտեղ՝ և՛ պատմություն, և՛ փիլիսոփայություն, այն, թե մարդը ո՞նց է ապրել այնտեղ, ի՞նչ է արել։ Մինչ օրս Սատանի կամուրջը չի օգտագործվում։ Վստահ եմ, եթե պետությունը ջանք գործադրի՝ ներդրողներ կգտնվեն։ Ուղղակի մարդիկ վախենում են բյուրոկրատիայից։ Այնքան թուղթ են ուզում։ Ընդ որում, փորձաքննությունների մի ձև կա, որ ոչ ոք չի հասկանում, թե դա ի՞նչ է։ Ասենք՝ քարանձավը ո՞նց կարող եք վնասել։ Ասում ենք՝ չենք վնասում, ընդամենն օգտագործում ենք։ Ասում են՝ բա մտնում եք։ Դե, ասենք, տնից դուրս մի եկեք, փողոցում մի քայլեք, անտառում՝ ևս։ Այդ ի՞նչ չափորոշիչներ են։ Արտասահմանում ընդամենը մի բան կա՝ մարդուն վնասո՞ւմ է դա, թե՞ ոչ։ Իսկ մեզ մոտ ասում են՝ եթե մտնես քարանձավ, վնաս կտաս։ Փակեք քարանձավները, ի՞նչ է եղել որ։ – Վրան նստի դարերի փոշին ․․․ – Այդպիսի հազարավոր քարանձավներ կան, որոնց տեղը մինչև հիմա չգիտենք։ Դավրիժեցին մի հետաքրքիր քարանձավ է նկարագրում, որտեղ հարստություն է թաղված։ Եվ եթե հաշվի առնենք այն, որ նրա նկարագրած ամեն ինչ ճիշտ է, շատ բան գտնվել է, ուրեմն այդ քարանձավն էլ կա, չէ՞։ Ոչ ոք չի գտել։ Ու չեն էլ գտնի, գուցե արդեն փլուզվել է։ Մեր պատմիչները հսկայական ինֆորմացիա են թողել։ Պատմությունն այնքան հետաքրքիր է, որ դա էլ ներկայացնես ուրիշներին, կհասկանան, թե ի՞նչ երկրում ես ապրում։ – Այդ քարանձավը, որ փնտրում և չեն գտնում, ո՞ր հատվածում է։ – Ուզում եք գնաք գտնե՞ք։ – Այո։ – Խոսրովի արգելոցի տարածքում է։ Եթե կարողանայինք գտնել՝ հրաշալի կլիներ։ – Ճի՞շտ է, որ քարանձավների դեպքում արբանյակները՝ սպուտնիկները, չեն աշխատում։ – Չէ, դե գետնի տակ են, բայց այդ սպուտնիկները շատ հետաքրքիր ինֆորամացիա կարող են տալ երկրի մակերևույթի հետ կապված։ Երբ Մագելանի քարանձավն ուսումնասիրում էինք, մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ վերևում կարող ենք գտնել այն փոսը, որտեղից հիմա ջուր է ներծծվում։ Սպուտնիկ վրա են այդ նկարը տեսել։ 50 մ տրամագծով 15 մետրով խորությամբ է փոսը, որտեղ ձմռանը ձյուն է կուտակվում, ամռանն էլ՝ անձրև, ճեղքով թափանցում Մագելանի քարանձավ։



