Անցած տարեվերջին՝ «Կիրանցի պատի տակ որոշվել է «զինաթափել» Սահմանապահ զորքերը. Փաշինյանի և ռազմական ղեկավարության համատեղ քաղաքական շոուն» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք Կիրանցում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը. «Այս հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը սկսել են ծառայությունը, բայց նախ սահմանազատումից հետո դուրս են եկել խրամատներից, այսինքն, իրար համար տեսանելի են: Հետո մի իքս պահից եղել է պայմանավորվածություն, և հանել են զրահաբաճկոններն ու սաղավարտները: Երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատները պետք է լինեն առանց պահունակի»: Մենք ուշադրություն էինք հրավիրել, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվածության մակարդակը տարբերվում է ՀՀ սահմանապահ զորքերի զինվածության մակարդակից, իսկ դա ունի իր պատճառները: Մասնավորապես այն, որ 2018 թվականի դեկտեմբերից է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ստանձնել հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղստաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին: Իսկ դրանից առաջ՝ 2017 թվականին, առհասարակ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կառուցվածքում զգալի փոփոխություններ էին իրականացվել, ավելացվել էին առանձին հրամանատարություններ:



