Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան օգոստոսի 3-ին Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել է Իրաքյան Քուրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև համագործակցության ու համակարգման ամրապնդման ուղիներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ ընդգծելով անվտանգությանը, կայունությանը և տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու կարևորությունը։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Բարզանին և աշ-Շարաան առաջին անգամ հանդիպել են 2025 թվականի ապրիլի 11-ին՝ Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Այնուհետև նրանք կրկին հանդիպել են 2026 թվականի ապրիլի 17-ին նույն ֆորումի շրջանակում։ Բարզանիի այցը Սիրիա առաջինն է 2024թ․-ին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։



