Վրաստանում նախկին նախագահի հիմնադրած կուսակցությունը «օրենքով կարգելվի՞»

Օգոստոսի 5 -ին պետք է կայանա «Միասնական ազգային շարժում» կուսակցության համագումարը»։ Այն հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով օրերս հայտարարել է, որ երկրում «երկրորդ «Վարդերի հեղափոխության» նախադրյալներ են ստեղծվել», և ինքը բանտից դուրս կգա և «Նելսոն Մանդելայի նման ուղղակի կգնա իշխանություն։ Օգոստոսի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակադարձել է, որ ««Միասնական ազգային շարժումը» չպետք է քաղաքական համակարգի մաս կազմի»։ Նա մեկնաբանել է, որ քաղաքական համակարգի մասին օրենքի նախագիծը «դեռևս չի քննարկվել», բայց ընդգծել է, որ խոսքը ոչ թե «ապաշնորհ մարդկանց, այլ նրանց մասին է, որ վրացական ինքնությունը թուլացնելու պատվեր ունեն»։ Առանց կոնկրետացնելու, թե խոսքը ո՞ւմ և ի՞նչ քայլերի մասին է, Կոբախիձեն սուր քննադատության է ենթարկել այն «խմբերին, որ ոչ միայն ատելություն են սերմանում, այլեւ հեղինակազրկում են ազգային պատմական հերոսներին, վրաց փառապանծ թագավորներին», և իշխանությունը «պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի դիմագրավի այդ գործընթացներին»։ Անցյալ շաբաթ, ինչպես ներկայացնում են վրացական լրատվամիջոցները, Թբիլիսիում «երկու ՀԿ է հիմնադրվել, որոնց նախաձեռնող խմբի անդամները հայտարարել են ի պաշտպանություն ազգային արժեքների, սովորույթների և եկեղեցու գործելու պատրաստակամության» մասին։ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին զգուշացրել է, որ իշխանությունը «սադրանք է ծրագրել»։ Նրա գնահատմմաբ՝ հաշվարկն այն է, որ ընդդիմությունն էլ կձևավորի «ուժեղ տղաների իր ջոկատները, և կողմերը կգնան փողոցային բախումների»։ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2028թ․-ին։ Իրադարձությունները, սակայն, կարծես թե զարգանում են «արտակարգ ռեժիմում»։ Պաշտոնական Թբիլիսիի և Եվրամիության հարաբերությունները մնում են լարված։ Ամենայն հավանականությամբ, առաջընթաց չի սպասվում նաև վրաց-ամերիկյան «վերբեռնումից», իսկ Մոսկվայից կոնկրետ ակնկալիքներ չկան։ Մանավանդ որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Բոճորիշվիլին ողջունել է Նաուրուի կողմից Աբխազիայի ճանաչումը ետ կանչելու որոշումը և հրապարակայնացրել, որ դա Վրաստանի դիվանագիտական «բարդ աշխատանքի արդյունքն» է։ Առկա իրավիճակում չափազանց բարդ է կանխատեսել Վրաստանի քաղաքական զարգացումների ապագան։ Պետք է հուսալ, որ հայ-վրացական ռազմավորական գործընկերությունը պաշտոնական Թբիլիսիի համար մնում է առաջնահերթություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9875

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով