Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ուղերձում ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։ Օգտվելով առիթից՝ հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի ժողովրդի իրականացվող Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։



