ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է հեռավար միջազգային շախմատի մրցաշար՝ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև: Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, Հայաստանի հավաքականում ընդգրկվել էին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները: Մրցաշարի մեկնարկից առաջ բոլոր երկրների մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը: Պետի տեղակալը, բարձր գնահատելով նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումն ու նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, շեշտադրել է հատկապես շախմատի կարևորությունը՝ մարդկանց միավորելու, նրանց մտավոր կարողությունները զարգացնելու, ինչպես նաև սոցիալական վերաինտեգրմանը նպաստելու գործում։ «Առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի Հանրապետության հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են պատվավոր երկրորդ հորիզոնականին»,-ասված է հաղորդագրության մեջ:



