Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել է քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունվարի 29-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ կնքված համաձայնագրի իրականացման վերաբերյալ հարցեր և պետական հաստատություններում ինտեգրման գործընթացի ընթացքը։ Հունվարին ստորագրված համաձայնագիրը վերջ է դրել սիրիական կառավարական ուժերի և ՍԴՈւ-ի միջև մարտերին։ Տեղեկություններ են հաղորդվում, որ անվտանգության, ռազմական և վարչական հաստատություններին վերաբերող կետերի մեծ մասը վերջնականապես համաձայնեցվել է, մինչդեռ որոշ հարցեր դեռևս պահանջում են հետագա երկխոսություն և բանակցություններ երկու կողմերի միջև։



