Էլ Նինյոյի (խմբ.՝ օվկիանոսային-մթնոլորտային երևույթ, որն ազդեցություն է գործում գլոբալ կլիմայի վրա) հետևանքները կարող են առաջիկա երկու տարիներին հանգեցնել սովի մատնված մարդկանց թվի ավելացման գրեթե 50 միլիոնով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), որը պատրաստվում է նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Ինչպես ասվում է տարածված հայտարարության մեջ, 2015-2016 թվականների Էլ Նինյո երևույթն ազդել է 60-100 միլիոն մարդու պարենային անվտանգության վրա։ ՊՀԾ-ի նախնական վերլուծության համաձայն՝ 2026-2027 թվականներին դրա հետևանքները կարող են ժամանակահատվածի վերջում հանգեցնել սովի մատնված մարդկանց թվի ավելացման առնվազն 49 միլիոնով։ «Վերլուծությունը կենտրոնացած է եղել 45 երկրի վրա, որոնք արդեն համարվում են պարենի պակասից տուժած, որտեղ Էլ Նինյոն զգալի ազդեցություն կունենա տեղումների բնույթի, ջերմաստիճանի և հեղեղումների ու երաշտների առաջացման վրա։ Այդ երկրներում պարենի սուր պակաս ունեցող մարդկանց (ընտանիքներ, որոնք ունակ չեն բավարարելու սննդի իրենց ամենօրյա կարիքները) ընդհանուր թիվը մոտավորապես 225 միլիոնից կաճի մինչև 274 միլիոն: Դա ավելացում է մոտավորապես 22%-ով։ Առավել մեծ ազդեցություն է սպասվում Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի որոշ մասերում, նաև զգալի հետևանքներ են կանխատեսվում Արևելյան Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Պարենային անկայունության մակարդակի ամենակտրուկ տատանումներից մեկը, ՊՀԾ-ի գնահատումներով, կարող է դիտվել Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Ինչպես սպասվում է, զգալի ռիսկերի կհանդիպի Արևելյան և Հարավային Աֆրիկայի բնակչությունը։ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան նույնպես գտնվում է ռիսկի գոտում:



