Սպանություն՝ ուղիղ եթերում

Մեքսիկացի TikTok-յան ինֆլուենսեր Սեսար Գաստելումը սպանվել է ուղիղ եթերի ընթացքում՝ Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում գտնվող արագ սննդի ռեստորանի մոտ։ Դեպքի մասին հայտնել են տեղական իշխանությունները։ Մոտ 600 հազար հետևորդ ունեցող Գաստելումը հայտնի էր իր հումորային տեսանյութերով։ Նա ընկերների հետ ուղիղ եթեր էր վարում, երբ մոտոցիկլետով ժամանել են երկու սաղավարտավոր անձինք։ Reuters-ի հրապարակած տեսանյութի համաձայն՝ մոտոցիկլետի վարորդը կրակ է բացել անմիջապես ինֆլուենսերի ուղղությամբ։ Սինալոա նահանգի անվտանգության ծառայությունը հաստատել է Գաստելումի մահը՝ նշելով, որ դեպքի առնչությամբ իրականացվում է լայնածավալ օպերացիա։ Դեպքը տեղի է ունեցել Կուլիականում շարունակվող բռնությունների ֆոնին։ Քաղաքը վերջին շրջանում դարձել է կազմակերպված հանցավոր խմբավորումների միջև ազդեցության համար պայքարի հիմնական օջախներից մեկը։ Սպանությունը հիշեցրել է նաև 2025 թվականի մայիսին տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց դեպքը, երբ TikTok-ի ուղիղ եթերի ժամանակ սպանվեց գեղեցկության ոլորտի ինֆլուենսեր Վալերիա Մարկեսը։ Նրա սպանության գործը քննվել է ֆեմիցիդի՝ գենդերային շարժառիթով կանանց սպանության, հոդվածով։ Հուլիսին Մեքսիկայի իշխանությունները հայտարարեցին, որ ձերբակալել են «El R-1» մականունով հայտնի Ռամոն Անխել Ալվարես Այալային, որը, ըստ իշխանությունների, ղեկավարել է «Խալիսկոյի նոր սերնդի կարտելի» (CJNG) հետ կապված հանցավոր խումբը։ Քննչական մարմինների տվյալներով՝ նա կապ ունի ինչպես Վալերիա Մարկեսի սպանության, այնպես էլ Ուրուապանի քաղաքապետ Կառլոս Մանսոյի սպանության կազմակերպման հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10049

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով